Սիրիայի անցումային կառավարությունը կարող է դիմել պաշտոնական Մոսկվային՝ երկրի տարածքում գտնվող երեք ռուսական ռազմակայաններից մեկը փակելու խնդրանքով։ Այս մասին գրում է մոսկովյան «Կոմերսանտը»՝ սիրիական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով։
Թերթի զրուցակիցը նշել է, որ խոսքը Սիրիայի հյուսիսում գտնվող «Ղամիշլի» ռազմական օդանավակայանի մասին, որը ռուսական կողմը վերահսկում է 2019 թվականից ի վեր։
«Այս հարցի շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել այն բանից հետո, երբ Հասակե նահանգը, որտեղ գտնվում է «Ղամիշլին» անցնի Սիրիայի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ», - գրում է թերթը։
Պաշտոնական Դամասկոսը վերջնագիր է ներկայացրել երկրի հյուսիսային շրջանները վերահսկող քրդական ուժերին՝ պահանջելով մինչև հունվարի 24-ը ամբողջությամբ վերաինտեգրել այս տարածքները։
«Ղամիշլի» օդանավակայանից բացի Ռուսաստանը Սիրիայի տարածքում ևս երկու ռազմակայան ունի՝ Տարտուսում և Խմեյմիմում։