Ռուսաստանն ասում է՝ ժողովուրդ ջան, այս իշխանության հետ պրոբլեմ ունեք. Քոչարյան

6

«Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավը շարունակում է Արագածոտնում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում հայտարարեց.

«Այսքան կեղտոտ քարոզարշավ ես չեմ հիշում, իմ կյանքի փորձով շատ բան եմ տեսել Հայաստանում, բայց այպիսի քարոզարշավ չեմ տեսել: Ունենք անպատասխանատու իշխանություն, իրենց թվում է, թե քարոզարշավի ժամանակ իրենք իշխանություն չեն, կապ չունի արձակուրդում ես, թե չէ, քարոզարշավի ես, թե չէ, իշխանությունը որոշ ստանդարտներ պետք է պահի, իսկ այս իշխանությունը քարոզարշավին հաղորդում է ամենակեղտոտ բնույթը»,-շեշտեց Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդն անդրադարձավ Ռուսաստանից հնչող զգուշացումներին։ Ռուսաստանի անվտանգության խորհուրդում երեկ Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել՝ Հայաստանի ղեկավարության վերջերս ձեռնարկվող քայլերը որակելով «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», դրանց շարքում շեշտադրել Հայաստանի եվրոպական ձգտումները:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարել է, թե «Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և Եվրամիությունում, ինչպես ասում են՝ միաժամանակ երկու հարսանիքներում պարել Հայաստանի մոտ չի ստացվի»։

Հայաստանյան քարոզարշավին զուգահեռ Ռուսաստանը սաստկացնում է սպառնալիքները, թե Երևանը տնտեսական ծանր հետևանքների է բախվելու, եթե շարունակի եվրոպական ուղին:

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա քարոզարշավի ընթացքում ասաց. -« Այս մարդը [վարչապետ Նիկոլ Փաշինյանը- խմբ.] չի հասականում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է: Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Այդ երկիրը լավ գիտեմ ու տողերի արանքում կարդում եմ՝ ինչ են ասում: Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ: Լավ, մտել ես քարոզարշավի մեջ, չես կարող լեզուդ քեզ պահես, մեծ պետություններին չկպնես»,- Ապարանում ելույթի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն. Շոյգու«Միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանի մոտ չի ստացվի». ԳալուզինԻմ ու Պուտինի հարաբերությունները շատ ջերմ են. Նիկոլ ՓաշինյանՄիրզոյան. «Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են»