Ռուսաստանն առաջարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկել ձայնի և առաջադրումների իրավունքներից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկով, արխիվ

Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու իրավունը կասեցնելու վերաբերյալ, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:

Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ կոնֆերանսի ընթացքում լրագրողների հետ զրույցում Մասադիկովը հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը համապատասխան օրակարգի հաստատման դեպքում կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը: Ըստ այդ հոդվածի՝ ՀԱՊԿ անդամ պետության կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը չմարելու դեպքում երկու տարվա ընթացքում Խորհուրդը որոշում է ընդունում տվյալ պետության վերոհիշյալ իրավունքները կասեցնելու մասին՝ մինչև պարտքի լիակատար մարումը:

«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, նշանակում է՝ Հավաքական անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվելու է: Դադարեցնելու որոշումը Հայաստանի՛ որոշումն է: Իսկ ահա մեր երկրների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կլինի ՀԱԽ նիստից հետո», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է գլխավոր քարտուղարը:

Մասադիկովը հայտնել է, որ կա Ռուսաստանի կողմից ներկայացված որոշման նախագիծ Կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու մասին: «Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասենք, ներկայությանը, բայց չմասնակցությանը [երրորդ տարին] Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքին», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում: «Մենք վաղուց մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք», - ասել է Միրզոյանը:

Օգոստոսին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի Հայաստանի անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերին՝ ՀԱՊԿ նիստում. Կազմակերպության գլխավոր քարտուղարՓաշինյանը պնդում է՝ «շատ գոհ կլինեմ», եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից. Կրեմլից արձագանքում են