Ադրբեջանը Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ ռուսական մեդիայում հնչող «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների պատճառով։
Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին ադրբեջանական կողմը ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական դաշտում վերջին շրջանում հնչող հայտարարությունների կապակցությամբ լուրջ մտահոգություն և վճռական բողոք է ներկայացրել։ Խոսքը Ադրբեջանի պետության, ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին հնչող, Բաքվի գնահատմամբ՝ «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների մասին է։
Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարությունն ուշադրություն է հրավիրել օգոստոսի 13-ին "Чистота понимания" նախագծի շրջանակում հեռարձակված հաղորդման ժամանակ Ադրբեջանի և երկրի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների վրա։
Հիշատակվել է նաև օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոյով հեռարձակված հաղորդումը, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, անհեթեթ պնդումներ են հնչել Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ընդգրկելու վերաբերյալ, ինչպես նաև օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության հասցեին կրկին հնչած «սադրիչ տեսակետները»։
Գերատեսչությունն ընդգծել է, որ անընդունելի է քննարկել Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունները կամ կոչեր հնչեցնել Ադրբեջանի ժողովրդի և երկրի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման մասին։
Ադրբեջանական կողմը նշել է, որ, չնայած այսպիսի գործողություններին հակազդելու վերաբերյալ Բաքվի բազմաթիվ կոչերին և այն հանգամանքին, որ հարցը քննարկվել է տարբեր քաղաքական մակարդակներում, այս հռետորաբանության ավելի կոշտ ձևով շարունակությունը լուրջ մտահոգության պատճառ է։
Ադրբեջանական կողմը ռուսական կողմին կրկին փոխանցել է իր ակնկալիքը՝ շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա դաշտում «Ադրբեջանի դեմ սադրանքների, սպառնալիքների և բռնության կոչերի» դադարեցման ուղղությամբ։
Նախօրեին հաղորդվեց, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական, քաղտեխնոլոգ Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ՝ «երկրի տարածքային ամբողջականության խաթարմանը, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրման համար»։
Զուգահեռաբար, նույն օրը Ռուսաստանի տարածքից արտաքսվել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը։