Չնայած վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Երասխի հատվածում երկաթուղին Հայաստանի կառավարությունը կվերանորոգի, նրա կաբինետի անդամ՝ տարածքային կառավարման նախարարն այսօր ասել է, թե այս հարցով ռուսական կողմի հետ քննարկումները դեռ ամփոփված չեն։
«Քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, էդ քննարկումները դեռևս ամփոփված չեն, երբ որ ամփոփվեն՝ պատշաճ տեղեկատվություն կփոխանցենք», - «Ազատությանն» ասել է Դավիթ Խուդաթյանը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ դեռևս վերջնակա՞ն որոշում չկա, ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները, նախարարը պատասխանել է. «Մենք պարբերաբար էս թեմայով քննարկումներ ունենք»։
Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական ընկերությանը։ Այս փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը բանակցում է Մոսկվայի հետ, որպեսզի երկաթուղու մի շարք, այդ թվում՝ Երասխի հատվածի վերանորոգումը ստանձնի ռուսական կողմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղու հարցերըԲայց երեկ վարչապետ Փաշինյանը Շիրակի մարզում հայտնեց, թե դա կանի Հայաստանի կառավարությունը. - «Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու և երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է», - ասել էր Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգիՓաշինյանի այս պնդումից մեկ օր անց ռուսական կողմի հետ շարունակվող քննարկումների մասին է խոսել նաև Հայաստանի արտգործնախարարը։
«Մենք պատմական հնարավորություն ունենք դառնալ կարևոր առանցքային հանգույցներից մեկը։ Էդ հնարավորությունը մենք բաց չենք թողնելու, չի կարելի, մենք ինքներս մեզ երբեք չենք կարող ներել։ Հետևաբար, էդ հարցը պետք է լուծվի։ Բացակայող երկաթուղու հատվածը, որը չկա, և հետևաբար Գյումրի-Կարս կապը չի գործում, պետք է կառուցվի։ Հիմա խոսում ենք ռուսաստանցի գործընկերների հետ, կստացվի՞, իրենց հետ համատեղ կստացվի, չի ստացվի, որևէ այլ լուծում կգտնենք։ Բայց էդ հարցը պետք է լուծվի», - հայտարարել է Արարատ Միրզոյանը։