Ռուսական հերթական սանկցիաները. «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական հիմնավորում դեռ չկա

Ռուսական սանկցիաների տակ է հայտնվել հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակը: Ռուսաստանի պաշտոնական "Честный ЗНАК" մակնշման համակարգը, որ վերահսկում է ապրանքների շրջանառությունը, արգելափակել է «Բջնի» հանքային ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական) և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ-ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակների վաճառքն իր երկրում: Ըստ ռուսական կողմի՝ խոսքը շուրջ 70 հազար շշի մասին է:

Պաշտոնական բացատրությունն այն է, որ դրանք կարող են «վնասել» ռուսաստանցի սպառողներին, և որ հայ արտադրողները խախտել են այդ արտադրանքը Ռուսաստան ներմուծելու պարտադիր պահանջները:

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ազատության»-ն ասացին՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից պետք է պաշտոնական հիմնավորում ստանան, դեռ չկա: ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է՝ ռուսական կողմը հայտարարել է խախտումների մասին, բայց չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ բնույթի։

«Ռուսաստանի Դաշնության որևէ իրավասու մարմնից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որևէ ծանուցում տվյալ խնդրի վերաբերյալ դեռևս չի ստացել, և հրապարակման մեջ նշվող 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ջրի հետ կապված խնդիրը այս պահին մեզ անհասկանալի է», - ընդգծեց Հարությունյանը:

Նշված տնտեսվարողներից «Ազատության» զանգերին պատասխանեց միայն DARBAS ընկերության տնօրեն Աշոտ Ղարիբյանը, ասաց՝ իրենց դեպքում խոսքը 1200 շշի մասին է, որոնք, ի դեպ, նրա պնդմամբ, արդեն վաճառվել են: Առաջին անգամ չէ, որ այդ ոչ-ալկոհոլային ըմպելիքները Ռուսաստան են արտահանում, բայց առաջին անգամ են այս խնդրին բախվում: Ասաց՝ նախ պետք է ապացուցվի, որ արտադրանքն իսկապես որևէ խախտում ունի։

«15-17 տեսակ ապրանք ունենք, դրա մասին չի խոսքը, տվյալ խմբաքանակի մասին է խոսքը: Ոչ, չենք համարում [որ վտանգավոր է], դե տեսնենք: Չգիտեմ, ես չեմ ուզում քաղաքականացնել: Նույնիսկ մենք չունենք էլ էդ խմբաքանակից, որ ես էլ մի հատ ստուգեմ, տեսնեմ ինչ կա: Ինչ-որ սնկեր և այլն, և այլն քանակությունը բարձր է, խմորիչներ, սնկեր, որը որ դեռ հարց է, շատ փոքր խմբաքանակի մասին է խոսքը», - ասաց Ղարիբյանը՝ շեշտելով. - «Ես չեմ էլ կարող ապացուցել՝ իրենք ճիշտ ե՛ն, թե՛ սխալ, որովհետև տվյալ խմբաքանակը սպառված է վաղուց»:

Ռուսական սահմանափակումների թեման վաղուց նաև քաղաքական քննարկումների առիթ է դարձել: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը համոզված է՝ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել։ Տնտեսագետ պատգամավորի հաշվարկով՝ ստեղծված իրավիճակից կարող է տուժել շուրջ 250 հազար մարդ։ Նա ավելի վատ կանխատեսումներ ունի. - «Աստված մի արասցե, եթե հանկարծ, օրինակ, արգելեն դրամական փոխանցումները, որը մեր համախառն ներքին արդյունքի 10 տոկոսն է, մարդիկ ապրում են էդ գումարներով: Աստված չանի, եթե էդ մարդկանց արտաքսեն՝ հայ աշխատավորներին: Եվ եթե մենք ընդհանրապես դուրս գանք ԵԱՏՄ-ից, հարվածի տակ է դրվում նաև իրանական շուկան»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Մոսկվան իր քայլերով հասկացնում է, որ խնդիր ունի գործող իշխանությունների հետ։

«Հետևաբար, ասում է՝ «դուք հանրաքվե արեք, թող ձեր ժողովուրդը որոշի՝ իրենք ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ այլ ուղղությամբ են ցանկանում շարժվել»: Եվ եթե դուք հարց եք տալիս, թե էս իշխանությունները ի՞նչ պետք է անեն, գուցե հանրաքվե անեն և քարոզեն մնալ ԵԱՏՄ-ում, որովհետև դա է մեր շահերից բխում էս պահին», - ասաց Ֆարմանյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, մինչդեռ, կարծում է, որ դիվանագիտական ճանապարհով Մոսկվայի հետ խնդիրները լուծելու հնարավորությունը դեռ սպառված չէ։ Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է երկխոսությունը, միաժամանակ պահպանելով տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը և զարգացնելով արտահանման նոր շուկաները։

«Հանրաքվեի առարկան չկա: Ես դժվարանում եմ ասել, թե պարոն Ֆարմանյանը, լինելով երկու-երեք օրվա պատգամավոր, ինչպես կարող է գնահատել, որ Հայաստանի իշխանությունները սպառել են դիվանագիտական ողջ գործիքակազմը: Իսկ ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, համարելով Հայաստանի Հանրապետությունը որպես կարևոր գործընկեր, կշարունակի խոսակցությունը այդ մասով», - հայտարարեց Ղազարյանը՝ շարունակելով. - «Մենք ոչ-ավանդական այնպիսի ուղղություններով ենք կարողացել արտահանում ապահովել, խոսքը գնում է ոչ միայն ԵՄ արտահանման մասին, այլ՝ տարբեր ուղղություններով: Նոր ենք սկսել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, որովհետև ԵՄ-ն միշտ փակ է պահել իր շուկան գյուղատնտեսական ապրանքների համար»:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր՝ սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այլև ԵԱՏՄ-ինն է։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջին, նշել էր, որ հանրաքվեն չի կարող անցկացվել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիության անդամակցության համար։

«Փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է և չի աշխատում: Եվ եթե էս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», - ասել էր Փաշինյանը:

«Հայաստանի հետ [խնդիրը] առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն: Ընդ որում, էդ քաղաքականության լեգիտիմությունը այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է: Այստեղ խնդիրը հետևյալն է, թե էդ այլընտրանքը երբ պետք է իրացվի», - նշել էր Հայաստանի վարչապետը:

Ընդհանուր առմամբ, հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները կտրուկ ակտիվացան 2026 թվականի գարնանը՝ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ապրիլից սկսած ռուսական վերահսկող մարմինները փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ՝ դրանք պատճառաբանելով տեխնիկական պահանջների խախտումներով կամ սպառողների առողջությանը հասցվող հնարավոր վտանգով։

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական հանքային ջրերի, մի շարք ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, ձկնեղենի, մրգի, բանջարեղենի, ծաղիկների ներմուծումը և տարանցումը ԵԱՏՄ տարածքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակումՌուսաստանն արգելել է հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումըՎրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքի առաջին խմբաքանակները. ՀՀ դեսպանություն«Ոչ թե ճգնաժամ է, այլ հնարավորություն». Փաշինյանն անդրադարձավ ռուսական շուկայի սահմանափակումներին«Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». Երևան-Մոսկվա հարաբերությունները ավելի են սրվումԿաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»Իշխանությունը հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը փակուղային չի համարում, ընդդիմությունում այլ կարծիքի են Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ է