Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար երկու կողմն էլ պետք է փոխզիջումների գնան․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը՝ Մոսկվայում՝ մայիսինյան տոնակատարություններին, 9-ը մայիսի, 2026թ․

Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ դաշնակիցներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ և՛ Ռուսաստանը և՛ Ուկրաինան պետք է փոխզիջումների գնան չորս տարուց ավելի ձգվող պատերազմն ավարտելոը համար։

Al Arabiya-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ թեև ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացում գրանցել, ակնհայտ է՝ երկու կողմի համար էլ մարտի դաշտում հաղթանակն անիրատեսական է։

«Այսօր մենք պետք է դիմենք ցանկացած քայլի՝ փոխզիջումների միջոցով երկարաժամկետ խաղաղ համաձայնության հասնելու համար, - ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով -«Եթե երկու կողմերն էլ հասկանան, որ հետագա սրացումը միայն կվատթարացնի իրավիճակը, ապա փոխզիջման հասնելու հնարավորություն կլինի»։

Ըստ նրա՝ չնայած ռուսական ուժերը ուկրաինական ամուր պաշտպանության պայմաններում «քայլ առ քայլ առաջ են շարժվում», երկու կողմերն էլ բախվում են զորքերի պակասի խնդրին։

«Ռուսները ևս զգում են այս պակասը։ Գուցե ոչ անքան, որքան Ուկրաինայում, բայց այն կա։ Եվ դա այս հակամարտության գլխավոր խնդիրն է՝ նրանց մարդկային ռեսուրսները սպառվում են», - հարցազրույցի ժամանակ շեշտել է Լուկաշենկոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարել էր, որ իր երկրի ուժերը վերջին ամիսներին բարելավել են դիրքերը մարտի դաշտում, և կան ենթադրություններ, որ ռուսական նոր հարձակումները կարող են Բելառուսի տարածքից իրականացվել։

Այս առթիվ Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Ուկրաինան վախենալու կարիք չունի Բելառուսից։

«Վախենալու բացարձակապես ոչինչ չկա, բացարձակապես։ Նրանք գիտեն դա, նրանց զինվորները գիտեն։ Ուկրաինայի ժողովուրդը գիտի դա», - նշել է Բելառուսի ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ այս թեման օգտագործվում է քաղաքական հավակնությունների սպասարկման համար։

Անդրադառնալով Իրանի պատերազմին՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ այս հակամարտությունը նույնպես ռազմական լուծում չունի։

Բելառուսը Ռուսաստանին թույլ է տվել օգտագործել իր տարածքը 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար՝ արտոնելով նաև ռուսական միջուկային զինատեսակների տեղակայումը երկրում։

Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները փակուղում հայտնվեցին փետրվարին Իրանի հետ հակամարտության մեկնարկից հետո։

Զելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել՝ բանակցելու, սակայն ՌԴ առաջնորդը հունիսի 6-ին արձագանքել էր, որ ուկրաինացի պաշտոնակցին հանդիպելու պատճառ ներկայումս չի տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսը պատերազմի մեջ չի ներքաշվի, բայց ՌԴ-ի հետ կպաշտպանի իրեն․ ԼուկաշենկոԼուկաշենկո․ «Ուկրաինան չպետք է ֆիքսվի տարածքների վրա»