Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ԱՄՆ նախագահին կոչ է արել գերիներին ազատ արձակելու խոստումը կատարել

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կոչով դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, որ Դոնալդ Թրամփը կատարի գերիների ազատ արձակման հարցով իր իսկ խոստումը:

«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»,- X-ում գրել է Ջարեդ Գենսերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերին

Ադրբեջանում ծանր մեղադրանքներով 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները: Վերջինը հրապարակվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը: ԱՄՆ նախագահ Թրամփը կես տարի առաջ՝ վաշինգտոնյան գագաթնաժողովին էր հետաքրքրվել գերիներով: Այդ օրերին համացանցում մի կարճ տեսանյութ էր տարածվել, որտեղ Թրամփը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շեշտել էր, թե գերիների հարցով կխոսի Ադրբեջանի նախագահի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.- «Ուրեմն, ասացիք, որ 23 քրիստոնյաներին (հայ գերիներին) կցանկանայիք հետ ստանալ: Որովհետև ես պատրաստվում եմ խնդրել նրան [Ալևին] անել դա»:

Մինչև օրս հայտնի չէ՝ Թրամփն Ալիևին անձամբ խնդրե՞լ է ազատ արձակել գերիներին: Բայց նրանց վերադարձի հարցը օրերս Բաքվում բարձրացրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Թե Բաքվում ինչպես են արձագանքել, հայտնի չէ: Բայց դրանից հետո Ադրբեջանի նախագահն, ըստ էության, բացառել էր, որ Արցախի նախկին ղեկավարներն ազատ կարձակվեն:

«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք, 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին նյուրնբերգյան դատավարությունից 2ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծա՞նր են, քան այն, ինչ արել են նացիստները 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի փաստաբան Գենսերը Վարդանյանին՝ «կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը արդարադատության ծաղր է որակել»:

«Հարգված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, նրանցից մոտ 120,000-ը վտարվեցին դեպի Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին լիակատար կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն անօրինական է»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը:

Իրավական բոլոր ընթացակարգերի խախտմամբ այդ դատավարությունն ու դատավճիռը, ըստ փաստաբանի, խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները: «Բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն»- հավելել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում

Պաշտոնական Երևանը Վարդանյանի դատավճռից հետո էլ լռությունը չխախտեց, ո՛չ արտգործնախարարությունից, ո՛չ վարչապետի աշխատակազմից արձագանք չկա: Իշխանականները գերիներից խոսում են այն դեպքում, երբ լրագրողներն են հարցեր տալիս, պատասխանն էլ նույնն է՝ նրանց վերադարձի հարցը խաղաղության մթնոլորտում կլուծվի:

«Խաղաղությունն է այն միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել: Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրն անլուծելի է»,- հայտարարել էր վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում պնդում էր, թե անցած ամիս վերադարձած չորս գերիներից հատկապես Վագիֆ Խաչատրյանը հնարավոր է չվերադառնար, եթե խաղաղության միջավայր չլիներ: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, սակայն, կարծում է՝ Իլհամ Ալիևը գերիների վերադարձի հարցը մշտապես օգտագործել և օգտագործում է իր շահերի առաջ մղելու համար:

«Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Հայաստանի իշխանությունը ունի պահանջ, և դա որևէ փուլում թեկուզ մասնակի իրացվում է, այլ Ադրբեջանը իր նախընտրությամբ, իր շահերի շրջանակներում դրանք օգտագործում է և այս թեման հիմնականում այդ տրամաբանության մեջ է»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանի համար համոզիչ չեն ՔՊ-ականների պնդումները, թե իրենք գերիների վերադարձի հարցով հետևողական զբաղվում են և խաղաղության մթնոլորտն է նպաստելու նրանց ազատ արձակմանը:

«Ես կարծում եմ՝ իշխանությունը որոշակի բառամթերք է ներմուծել քարոզչական դաշտում և փորձում է այդ մարդկանց Բաքվում գտնվելը որոշակի չակերտավոր հիմնավորվածության մեջ ներկայացնել հասարակությանը։ Ինչպե՞ս է ստացվում, որ կողմերը խոսում են խաղաղության մասին, բայց ադրբեջանական օրակարգը կետ առ կետ իրացվում է, դրանք անընդհատ ընդլայնվում են, իսկ Հայաստանի իշխանության համար որևէ ձևով կարևորություն ներկայացնող թեմաները մնում են երկրորդ պլանում: Եթե նույնիսկ մի կողմ դնենք գերիների, ռազմագերիների թեման, ապա իմ համար մի քիչ անպատկերացնելի է խաղաղություն, որտեղ ադրբեջանական զորքերը մեծ թվով ուղղություններով մխրճված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,- ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:

Իսկ ինչու գերիների հարցով առաջընթաց չեղավ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո, Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ գուցե Հայաստանի համար առաջնահերթություններն այլ են եղել և ամերիկյան կողմը, Բաքվում ըստ Երևանի օրակարգի է հարցերը բարձրացրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասինԱլիևը բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի20 տարվա և ցմահ ազատազրկում Բաքվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբԱրցախի նախկին ղեկավարները Բաքվի դատարանում չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները«Որոշել եմ հացադուլի միջոցով բողոքս հայտնել՝ ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի». Ռուբեն ՎարդանյանԴատում են ոչ թե ինձ ու մյուս 15  հոգուն, այլ բոլոր հայերին. Ռուբեն ՎարդանյանԳերությունից վերադարձածները հանդիպել են հարազատների հետ. ինչ վիճակում են նրանքԱյս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը