Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ

Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար:

«Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի», - «Ազատությանը» ասաց Սահակյանը:

«Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի»:, - ընդգծեց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց շարքում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն դեռ հրաժարվում է նրանց ու նաև վերջիներիս հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել էին դեռևս ութ ամիս առաջ: Այսինքն՝ 15 հայ գերիներն առայսօր զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել նրանց և ինչ ապացույցների հիման վրա:

«Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում , որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները: Եթե Ադրբեջանի դատական իշխանությունները շարունակեն չտրամադրել, ապա այն կստանան արդեն ՄԻԵԴ-ի միջոցով: Միջազային դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի՝ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:

«Եթե Եվրոպական դատարանին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ, կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին», - ընդգծեց Սահակյանը:

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում սկսվել է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը ԵՄ-ՌԴ ընտրության պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու՝ դառնալով վիլայեթ, պնդում է Ռուբեն ՎարդանյանըՌուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակիԱմոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ. Ռուբեն Վարդանյան«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասին«Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա ո՞ւմ». Ռուբեն Վարդանյան«Հայաստանի ՄԻՊ- ը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում». ի՞նչ կարող է անել ՊաշտպանըԴավիթ Իշխանյանը ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին