«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է,
Մարզահամերգային համալիրում կայացած հանդիսավոր նիստին հայտարարեց պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Կարո՞ղ է ճիշտ բան չենք անում», - կատակեց Քոչարյանը, ապա հավելեց, թե «սա պաշտոնի բարձրացում չէ իր համար, այլ պաշտոնի իջեցում է, բայց հայրենիքի համար պատրաստ է ամեն ինչի»:

«Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է», - իր ելույթում նշեց Քոչարյանը, վստահություն հայտնելով, որ «չարը մարմնավորող իշխանությունը պարտվելու է»:շ

«Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջին օրերից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն: Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում այլ վարչապետերի թեկնածուներից», - ասաց Քոչարյանը:

Նա միաժամանակ նշեց, թե դա բավարար չէ, «պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը և ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության և «Առաջ» կուսակցության հետ միասին, «Հայաստան» դաշինքով կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է՝ «Միասին կարող ենք»:

«Առաջ» կուսակցության ղեկավարն է Սևակ Խաչատրյանը: Նա Վաղարշապատի ընտրություններում ղեկավարում էր ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը:

Իր վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցրել՝ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշման մասին կհայտարարեն սոցհարցումներից հետո. «Ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա պետք է մեր մեսիջը լինի մեր ընտրողներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միասին կարող ենք». Քոչարյանի ուժը կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը