ՌԴ-ն ուզում է չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, գործարանը պնդում է՝ սխալ նույնականացում է արվել

Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը, ըստ ռուսական աղբյուրների, սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի լիցենզիան չեղարկելու գործընթաց։ Սա նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռոսալկոգոլտաբակկոնտրոլին, նշում են, թե գերատեսչությունը չնախատեսված կարգով ստուգել է Ռուսաստան ներմուծվող կոնյակի նմուշներ ու ստանդարտների կոպիտ խախտումներ արձանագրել:

«Ակրեդիտացված լաբորատորիայում իրականացված փորձաքննությունը ցույց է տվել, որ կոնյակի նմուշները չեն համապատասխանում ոչ հայտարարված անվանմանը, ոչ էլ ԳՕՍՏ-ի պահանջներին, մասնավորապես, խմիչքի բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչի հետևանքով արտադրանքը չի կարող դասվել կոնյակ անվանման տակ»:

Գերատեսչությունը նշել է, որ նման խախտումները լիցենզիայի դատական կարգով չեղարկման հիմք են։ Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը դիմել է արբիտրաժային դատարան՝ պահանջելով ինչպես լիցենզիայի չեղարկում, այնպես էլ դրա գործողության կասեցում մինչև վերջնական որոշման կայացումը։ Միաժամանակ, ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման հիմքով։

Մինչ ռուսական լրատվամիջոցները գրում են, թե հարցը դատաքննության փուլում է, և որ գերատեսչությունը նախազգուշացրել է շուկայի մասնակիցներին, որ անթույլատրելի է իրենց պնդմամբ՝ կեղծված ալկոհոլային արտադրանքի ներմուծումն ու վաճառքը, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ից «Ազատության»-ն ուղարկված գրավոր տեքստում պնդում են՝ մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական գործարանը շփոթելով Ռուսաստանում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ:

«Պռոշյանի գործարանն իր գործունեությունն իրականացնում է միջազգային չափանիշներին ու գործող օրենսդրությանը համապատասխան, նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացի հետ: Գործարանն աշխատում է բնականոն ռեժիմով, անխափան իրականացնում է արտադրություն, շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ, այդ թվում ՝ ԵԱՏՄ երկրներ: Գործարանը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ ու ունի որակի կառավարման ու սննդամթերքի անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ»:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր լրագրողներից է տեղեկացել այս խնդրի մասին

«Ձեզնից լսեցի նոր, միգուցե այսօր առավոտից ծանրաբեռնված եմ եղել չեմ լսել, մի հատ ինքնս կուսումնասիրեմ՝ հասկանամ՝ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը», - ասաց ՊԵԿ նախագահը:

Ընդհանուր առմամբ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքների արտահանման խնդիրներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, թե նման դժվարությունները պայմանավորված են ռուսական կողմից պարբերաբար իրականացվող խստացումների հետ։

«Պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք, նույնը, օրինակ, անցած տարի տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ են եղել, հատկապես Լարսը անցնելուց լինում են հատկապես ֆիտոսանիտարական հարցեր, ինչ-որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, այսինքն, ինքը բնականոն գործընթաց է: Մեր հորդորը մեր բիզնեսմեններին այն է, որ հետևեն այդ պահանջներին», - նշեց Հակոբյանը:

Հայկական բեռները Լարսով Ռուսաստան տանող բեռնափոխադրողները, այս հայտարարությունները պատահական չեն համարում, չձայնագրվելու պայմանով, «Ազատությանն» ասացին՝ քաղաքական խաղեր են, առաջիկայում իրենք Լարսում նոր ու խիստ ստուգումներ են կանխատեսում ու հայկական բեռներով լցված ապրանքներն, ասում են, գուցե սկսի մեծ թափով հետ վերադարձվել:

Նախորդ շաբաթ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորն էր մտահոգություն հայտնել Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։ Հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հարցազրույց էր տվել ու զգուշացրել՝ Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ ու կրկին նշել, թե օրինակ՝ որոշ ապրանքներ կարող են իրենց հետ բերել վնասակար միջատներ, բույսերի հիվանդություններ կամ վարակներ մտցնել իրենց երկիր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ վերջին հայտարարություններից հետո հայ բեռնափոխադրողները նոր դժվարությունների մտավախություն ունեն