Պետական պարտքի մասին խոստումը դուրս է մնացել կառավարության ծրագրից

Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց 2.5 ամիս անց իշխանությունները ընտրողներին տված մի առանցքային խոստում չեն ներառել կառավարության հնգամյա ծրագրում. Նախընտրական ծրագրով խոստացել էին աստիճանաբար նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը, որ ծրագրերն իրականացնելու համար աստիճանաբար ՀՆԱ-ի համեմատ ավելի քիչ պարտք վերցնեն:

Այժմ Ազգային ժողովում քննարկվող կառավարության հնգամյա ծրագրում, սակայն, այդ տողը բացակայում է, մինչդեռ, ընտրություններից առաջ այդ խոստումն անձամբ վարչապետ Փաշինյանն էր տվել. «Այսպիսով մենք իրականացնելու ենք Հայաստանի Հանրապետության պետական պարտքի աստիճանական նվազման գործընթաց»:

Ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասում՝ առաջին անգամ են երկար աշխատել կառավարության ծրագրի վրա, վարչապետի խոսքերից կարելի է ենթադրել, որ ամեն ձևակերպում չափել-ձևել են. «Առաջին անգամ է, որ մենք կառավարության ծրագրի վրա այսքան աշխատելու ժամանակ ունենք»:

Պետական պարտքի բեռը կրկնապատկելու համար իշխանությունները հաճախ են քննադատության թիրախում հայտնվում: Կառավարող մեծամասնությունը թեև հանրային արձագանքներում մշտապես պնդում է՝ պարտքը կառավարելի է և ռիսկեր չկան, սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացան նաև այդ բեռը թեթևացնել:

Ամենաթարմ՝ հուլիս ամսվա տվյալներով Հայաստանի պետական պարտքն ավելի քան 14 միլիարդ դոլար է կազմում: Միայն 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնելու համար այս տարի գործադիրը ևս 537.5 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.5 միլիարդ դոլար պարտք պետք է վերցնի, այս գումարը Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի 4.5 տոկոսն է:

Բացառությամբ մի քանի պետությունների Եվրամիության անդամ բազմաթիվ երկրների համեմատությամբ պակասուրդի ծավալը Հայաստանում ավելի մեծ է. Խորվաթիայում այն 3.4 տոկոս է, Չեխիայում՝ 2.3, Գերմանիայում՝ 3.6, Լատվիայում՝ 1.9, Լիտվայում՝ 0.9, Նիդերլանդներում՝ 1.9, Սլովենիայում՝ 2.9, Իսպանիայում՝ 1.9, Շվեդիայում՝ 1.2: Ըստ Եվրահանձնաժողովի կայքի, այս տարվա առաջին եռամսյակում Եվրամիության դեֆիցիտի միջին ծավալը ՀՆԱ-ի 3.1 տոկոսն է կազմել: Հարևան Վրաստանում 2026 թվականի բյուջեով դեֆիցիտը 2.5 տոկոս են նախատեսել, Ադրբեջանում՝ 1.1:

Ինչո՞ւ կառավարությունը չի ներառել այս խոստումը հնգամյա ծրագրում. գուցե որ իրենց ապահովագրեն հնարավոր քննադատությունի՞ց: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով, թեև այդ տողը ծրագրում չկա, սակայն այդ նպատակից չեն հրաժարվել:

«Մեր նպատակադրումները դրանից չեն փոխվել, որովհետև մեր նպատակադրումները որոշել ենք չափել մի շատ կարևոր ցուցանիշով, որը պարտքի սպասարկման գումարի նվազեցումն է, հիմա կգրենք կառավարության ծրագրում, թե դեֆիցիտը պետք է երկու տոկոս լինի կամ ինչքան լինի՝ երկրորդական հարց է ըստ էության, բայց քաղաքականության իմաստով դա մնում է արդիական, այսինքն, էդ հանելը չի նշանակում, որ մենք նպատակ ունենք 2 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենանք մինչև 2031 թվականը», - ասաց Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարն, ըստ էության, համաձայն է՝ խնդիր է նաև պարտքի սպասարկումը. միայն այս տարի Հայաստանի կառավարությունը գրեթե 420 միլիարդ դրամ՝ ավելի քան 1.1 միլիարդ դոլար կհատկացնի պետական պարտքի տոկոսները վճարելու համար, սա ավելի շատ է քան առողջապահության կամ կրթության նախարարություններին հատկացված միջոցները:

Ըստ 2026-2028 թվականների ծախսային ծրագրի՝ սպասարկումը հաջորդ տարիներին ավելի կթանկանա: Հաջորդ տարի նախատեսում են պարտքի սպասարկման համար ավելի քան 470 միլիարդ դրամ ծախսել, 2028-ին էլ ավելի շատ՝ շուրջ 520 միլիարդ դրամ: 2027-ին նույն կրթության և առողջապահության գերատեսչությունների համեմատությամբ այդ տարբերությունն էլ ավելի կմեծանա:

Եվրամիության գրեթե բոլոր երկրներում ուղիղ հակառակն է, 2024-ի տվյալներով պարտքի սպասարկմանը 27 անդամ երկրները միջինն ուղղել են տարեկան բյուջեի 3.9 տոկոսը, առողջապահությանը զգալիորեն ավելի շատ՝ 15 տոկոսը, կրթության ֆինանսավորմանն ընդհանուր ծախսերի մոտ 10 տոկոսն են հատկացրել:

Այդուհանդերձ, պետական պարտքի վերաբերյալ կառավարության ծրագրում որոշ դրույթներ կան: Փաշինյանի կառավարությունը առաջիկա 5 տարում խոստանում է պետական բյուջեի եկամուտների համեմատ պարտքի սպասարկման ծախսերը 12.1 տոկոսից նվազեցնել երկու տոկոսով, այդ դեպքում էլ, սակայն, միայն տոկոսները վճարելու համար կառավարությունը Հայաստանի հարկատուների հաշվին ձևավորվող բյուջեի մի զգալի մասը կհատկացնի, բացի այդ խոստանում են պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը պահել 50 տոկոսից ցածր մակարդակում: Ֆինանսների նախարարի պնդմամբ՝ այս խոստումներն իրականացնելուն նաև իրենց տված, սակայն փաստաթղթում չներառված խոստումն իրականացնելը կնպաստի:

«Սրանք արդեն շատ չափելի, կոնկրետ նպատակներ են և մեծ հաշվով դեֆիցիտի մակարդակն էդքան էական չի, էականը սպասարկումն է և պարտքի չափի կարգավորումը և, բնականաբար, դրա ամենալավ միջոցներից մեկը նաև դեֆիցիտի նվազեցումն է, որի նպատակը մենք ունենք», - ընդգծեց Վահե Հովհաննիսյանը:

Շաբաթներ առաջ կառավարությունը որոշեց Ասիական զարգացման բանկից ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ընդհանուր ևս 320 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնել՝ գումարն ուղղելով այդ թվում՝ ներդրումների ու առևտրի ազատականացմանը, կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը, հարկաբյուջետային կառավարմանը, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը: