Պատերազմի պատճառը միջուկային ծրագիրը չէ, ԱՄՆ-ն նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» Իրանը. Մոհեբի

Հոսեյն Մոհեբի, ԻՊՀԿ խոսնակ, 22-ը սեպտեմբերի, 2026թ.

Իրանի դեմ պատերազմը կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի հետ, ԱՄՆ-ն պարզապես այս պատերազմով նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» երկիրը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին իրանցի պաշտոնյան վստահեցրել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի: «Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է նա և ԱՄՆ նախագահին «մեծ ստախոս» անվանել՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արած հայտարարությունների համար:

«Ամերիկացի ժողովրդին պետք է ասվի ճշմարտությունը»,- նշել է Հոսեյն Մոհեբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ձախողել է Իրանի դեմ իր ռազմական արշավը և պետք է լքի տարածաշրջանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

«Միացյալ Նահանգները նպատակ ունի թալանել մեր ժողովրդին և մասնատել մեր հայրենիքը: Նրանց խնդիրը Իրանի ժողովրդին և Իրանի ժողովրդի հարստությունը թալանելն է։ Նրանց խնդիրն Իրանը իրենց վերահսկողության տակ գտնվող գաղութային պետության վերածելն է։ Նրանք գիտեն, որ Իրանը չի ձգտել միջուկային զենքի»,- ասել է նա:

Իրանցի պաշտոնյան պնդել է, թե Թեհրանը երկար նամակ է հղել՝ ուղղված ամերիկյան ժողովրդին, որը «նպատակ ունի տարածել ճշմարտությունը և ոչ թե ազդել ամերիկյան ընտրությունների վրա»: Մոհեբին պնդել է, թե ամերիկացիները լավ տեղեկացված չեն այս տարածաշրջանից, հետևաբար՝ Իրանը պետք է ստեղծի մի հարթակ նրանց հետ ուղիղ խոսելու համար։

«Մենք պատրաստ ենք շփվել ամերիկացի քաղաքացիների հետ, և նրանք կարող են շփվել մեզ հետ»,- ասել է նա՝ պնդելով, թե Միացյալ Նահանգների ղեկավարությունն իրականում չի մտածում իր ժողովրդի մասին, այլապես 39 միլիոն ամերիկացի չէր ապրի աղքատության շեմից ցածր պայմաններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը և Իրանը առանձին բանակցություններ կանցկացնեն միջնորդների հետ. Reuters

Մոհեբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել իրենց կառավարությանը հարցնել, թե ինչու է ԻՊՀԿ-ն դասակարգվում որպես «ահաբեկչական կազմակերպություն»։ Ինքն էլ պատասխանել է հարցին՝ ասելով, թե պատճառն այն է, որ այս կառույցը կանխում է «թալանը» Իրանում և տարածաշրջանում։

Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ ամերիկացի քաղաքացիները տեղյակ չեն ԱՄՆ զինված ուժերի կատարած «հանցագործությունների» մասին, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների, մզկիթների և եկեղեցիների ռմբակոծությունների։

Մոհեբին ասել է, թե ժամանակն է, որ ԱՄՆ ղեկավարությունը փոխի իր արտաքին քաղաքականությունը, ապա պնդել՝ եթե ԱՄՆ կառավարությունը ռազմական հարձակումների փոխարեն իր ծախսերի 10 տոկոսը կատարի աշխարհի աղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու վրա, ապա «ԱՄՆ-ն մեծ ժողովրդականություն վայելող երկիր» կդառնա։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն աշխարհում 800 ռազմաբազա ունի, ինչի համար, ըստ նրա, որևէ պատճառ չկա։ Իսկ Իրանի զինված ուժերի տարեկան բյուջեն, նրա խոսքով, կազմում է ամերիկյան զինված ուժերի բյուջեի 1 տոկոսը։

Ամերիկյան կողմը դեռ չի արձագանքել իրանցի պաշտոնյայի հայտարարություններին: