Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Իրանը առանձին բանակցություններ կանցկացնեն միջնորդների հետ. Reuters

ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, Նյու Յորք, 25-ը  սեպտեմբերի, 2026թ.
ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2026թ.

Կատարցի միջնորդները հավանաբար այսօր կամ վաղը Նյու Յորքում առանձին բանակցություններ կվարեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան կողմի հետ, Reuters-ին փոխանցել է իրազեկ մի պաշտոնյա:

Ըստ նույն աղբյուրի՝ ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Իրանի ներկայացրած առաջարկի փոփոխված տարբերակի վրա:

Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից հետո մնում է Նյու Յորքում: Առայժմ հստակ չէ, թե ով է միջնորդների հետ բանակցություններում ներկայացնելու Միացյալ Նահանգները:

Իրանական ISNA լրատվական գործակալությունը հաստատել է, որ Արաղչին միջնորդների հետ հանդիպելու է Նյու Յորքի ժամանակով այսօր առավոտյան:

Թեհրանի յոթնօրյա պլանն առաջարկում է վերջ տալ մարտական գործողություններին Իրանում և Լիբանանում, ապասառեցնել միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները, վերացնել պատժամիջոցները Իրանի նավթի նկատմամբ և ապաշրջափակել իրանական նավահանգիստները: Դրանից հետո Իրանը խոստանում է թույլ տալ վերաբացել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը: Այդուհանդերձ, երեկ նա ասել է, որ ակնկալում է բանակցությունների վերսկսում այս շաբաթ:

Արաղչին նշել է, որ միջնորդները պաշտոնապես չեն փոխանցել Միացյալ Նահանգների մերժումը, և որ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի վերջնական դիրքորոշմանը՝ իր հետագա քայլերը որոշելու համար:

«Մեր պայմանները հստակ են, և Հորմուզի նեղուցի վերաբացման ուղղությամբ որևէ քայլ կախված է այդ պայմանների բավարարումից», - ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է խնդրի միայն բանակցային լուծում:


​
XS
SM
MD
LG