Պատերազմի ուրվականը՝ նախընտրական պայքարի առանցքում. Քոչարյանն արձագանքում է Փաշինյանին

«Խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը տասը տարի խաղաղություն էր ապահովել: Աբսուրդն էլ չափ ու սահման պետք է ունենա»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքում վարչապետ Փաշինյանի մեղադրանքին թե իր, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը պատերազմի դուռ են բացում:

«Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին։ Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրի գլխին երեք պատերազմ բերած մարդը իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել, իմ նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ,- հակադարձում է Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն այսօր թիմակիցների հետ Աշտարակում էր՝ քաղաքացիների հետ հանդիպման: Ասաց՝ ավելի վաղ էին կանխատեսում, որ իշխանությունն այս թեզն է առաջ մղելու՝ մարդկանց պատերազմով վախեցնելու ու ձայներ ստանալու համար:

«Եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու։ Ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ։ Աննա Գրիգորյանն ասաց, որ սեփական ժողովրդի գլխին Ալիև տղային բերում, բոբո սարքելով, որ՝ էս ա կհարձակվեն, կհարձակվեն և քվեներ կորզեն ձեզանից»,- ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ». Փաշինյան

«Խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու, որովհետև այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, դա էլ անխուսափելի պատերազմ է», -ասել էր Փաշինյանը, ընդ որում ժամկետ էր նշել՝ մաքսիմալ աշնանը.

Վարչապետի խոսքով.- «Մենք ասում ենք, որ էս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք էդ խաղաղությունը, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը։ Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել էդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»:

Երկրորդ նախագահն ընդգծում է. «Ամեն ինչ պիտի անենք, այո, որ պատերազմ չլինի, բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճամապարհով: Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն»:

Ըստ Քոչարյանի՝ ինքը երաշխավորված խաղաղության մասին է խոսում, որպեսզի մեկ մարդու տրամադրությունից կախված չլինի իրավիճակը. «Ի դեպ, այսօրվա օրինակը՝ Իրանի պատերազմը, մեկ մարդու տրամադրությունից սկսվեց հսկայածավալ մի պատերազմ։ Ուրեմն, խոսքը գնում է երաշխավորված խաղաղության մասին, և այդ երաշխավորված խաղաղությունը մենք ստանալու ենք։ Չեմ կարծում, որ սա չլուծվող հարց է, սա լուծվող հարց է, և ես համարում եմ այն մարդն եմ, որը կարող է այդ հարցը լուծել»:

Թե ինչու իշխանությունը խաղաղության երաշխիքներ չի փնտրում, Քոչարյանն այսպես է մեկնաբանում. «Պատճառը մեկն է՝ ինքը ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռին»։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է.- «Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է և ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը»:

Այն ինչ ուզում են այդ ուժերը մենք արդեն տեսել ենք, անվտանգության երաշխավորների մեխանիզմը չի աշխատում ,-շեշտում է Փաշինյանը: Այդ ուժերին անվանում օտար երկրների էմիսարներ, ասում է. «Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն։ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով՝ երաշխավորի համատեքստում, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեր վրա»։

«Ոչ թե անվտանգության երաշխավորները չեն գործել, այլ Փաշինյանն է թռել պայմանավորվածություններից»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Արցախում ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց պարտականությունը:

«Հենց Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ի՞նչ վիճակ ստեղծվեց. Ղարաբաղը Ադրբեջանի համար դառնում է սեպարատիստական միավոր, պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում են գրեթե ահաբեկչական ստորաբաժանումներ՝ բոլոր հետևանքներով»,- իր ելույթում ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ընտրություններից երկուսուկես ամիս առաջ խորհրդարանի դռների առջև քաղաքական ուժերը դիրքավորվում են՝ իշխանության առաջ մղած պատերազմի ուրվականի ներքո: Փաշինյանը հավատացնում է՝ այդ պատերազմի դուռն ամուր փակել են, խաղաղություն է հիմա: Ընդդիմությունը պնդում է՝ պատերազմ չեն ուզում, ուզում են ուրիշ խաղաղություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուղիղ եթերում ուտել 42 պեռաշկի և 6 գծամետր սուջուխ», թե՞ «անսխալ գրել արհամարհել» Բազկամարտի չեմպիոն Գագիկ Ծառուկյանը կընդունի՞ Փաշինյանի մարտահրավերը «Դե չեն ուզում՝ չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել». Սերժ Սարգսյանն իմփիչմենթի մասին Քոչարյանը կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ. ո՞ւմ հարցումներն են ճիշտ «Պեռաշկին»՝ անվտանգությա՞ն, թե՞ ոչ-ադեկվատության ցուցիչ. Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինելու