Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ՔԿ կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ

Այսօր առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը:

«Մենք դիմել ենք վերացնելու ակնկալիքով, եթե չի վերացնելու, ապա նաև փոփոխելու ու թույլատրելու, որպեսզի այս օրերին Վեհափառ հայրապետը հնարավորություն ունենա մասնակցելու այդ հուղարկավորության արարողությանը», - ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը:

Մայր Աթոռից հայտնել էին, որ սպասում են արարողության ձևաչափի վերաբերյալ հստակեցումների, երեկ երեկոյան արդեն Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել են պաշտոնական ծանուցում. «Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կմասնակցի՞ Վեհափառը վրաց Պատրիարքի հուղարկավորությանը

Այժմ Քննչական կոմիտեի սեղանին է այդ միջնորդությունն ու Վրաստանից հրավերի թարգմանությունը: Որոշում կայացնելու համար քննիչը օրենքով սահմանված 7 օր ունի, բայց պատրիարք Իլիա Երկրորդին հուղարկավորելու են այս կիրակի:

«Իրենք հասկանում են, որ պետք է արագ արձագանքեն: Բնականաբար միջնորդություն ներկայացրել ենք, տեղյակ են, որ քննիչն արդեն ստացել է: Եթե իրենք ձգձգեն կամ մերժեն, կխոսի նրա մասին, որ թույլ չեն տալիս, դա միջազգային մեծ սկանդալ կառաջացնի: Կարծում եմ, որ նման ծայրահեղ քայլի իշխանությունն այսօր չի գնա, որովհետև սա ուղղակի արդեն այլ բանի մասին կխոսի», - ասաց Զոհրաբյանը:

Ըստ Վեհափառի փաստաբանի՝ եթե արգելվի նրա մասնակցությունը հարևան բարեկամական երկրի ազդեցիկ պատրիարքի հուղարկավորությանը, միջազգային հանրությունն ի վերջո կտեղեկանա, թե ինչ անհեթեթ գործով է ընտրվել երկրից չբացակայելու խափանման միջոցը: Գարեգին Երկրորդը մեղադրյալ դարձավ շուրջ մեկ ամիս առաջ՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսին վերաբերող դատական ակտը չկատարելու գործով:

«Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս», - երեկ Հայաստանի վարչապետն այսպես արձագանքեց հարցին, կստեղծվի՞ հնարավորություն, որ Վեհափառը մեկնի Վրաստան:

Փաստաբան Զոհրաբյանը վստահ է՝ իշխանությունները ցանկանան, այսօր էլ կբացեն նրա ելքը երկրից. «Քննիչն է որոշում կայացնելու, հասկանում ենք, որ մենակ չի կայացնելու այդ որոշումը»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այսօր խորհրդարանում Հայաստանի վարչապետի ու իշխանական թիմի նախընտրած ձևով արտահայտվեց վեհափառի մասին՝ անպատասխան թողնելով լրագրողների ճշգրտման փորձերը՝ արդյոք ԱԱԾ տնօրենն էլ է միացե՞լ բարենորոգման շարժմանը:

Կաթողիկոսի փաստաբանը պնդում է՝ այս բառապաշարով ԱԱԾ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը հաստատեց իրենց ենթադրությունները, որ կաթողիկոսին գահից իջեցնելու օպերացիան հենց ինքն է ղեկավարում:

«Ինչքան էլ նա իր սիրելի վարչապետի, քաղաքական կուրսը պաշտպանի, դա ճիշտ չէ, սխալ մոտեցում է, ինքն ի վերջո Ազգային անվտանգության ծառայության ղեկավար է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության», - ասաց Արա Զոհրաբյանը:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը` սակայն ծառայության ղեկավարը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, օրենքը սահմանում է՝ նա պիտի քաղաքական չեզոքություն ու անկողմնակալություն պահպանի:

Բարեվարքությունից բացի՝ Մայր Աթոռի փաստաբանները նաև իրավական խնդիր են տեսնում, Հայաստանում Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդ չկա, Գարեգին Երկրորդ Ներսիսյան՝ այսպես է գրված նրա անձնագրում, որով, եթե թույլ տան, կհատի սահմանն ու թաղման կգնա: