Փաստաբանները պնդում են՝ նաև Վարդան Ղուկասյանի գործով դատավորին են մոլորեցրել ու նրան ԲԿ-ի փոխարեն բանտ տարել

Դատավորի երեկվա հայտարարությունից հետո, թե Գյումրիի քաղաքապետին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, փաստաբանները Վարդան Ղուկասյանին փնտրել են երևանյան հիվանդանոցներում ու չեն գտել: Ավելի ուշ պարզել են, որ հիվանդանոցի փոխարեն Ղուկասյանին դարձյալ բանտ են տեղափոխել:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի կարծիքով՝ ոչ միայն իրենց, այլ նաև դատավորին են խաբել. «Պարզվեց, որ թույլ չի տվել ուղեկցող ջոկը, որպեսզի իրականում Շտապօգնության մեքենան պարոն Ղուկասյանին տեղափոխի հիվանդանոց, և նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն՝ ակնհայտորեն ուղղակի բժշկական ցուցման պայմաններում պետությունը արգելել է, որպեսզի անձը ստանա գոնե նախնական բժշական օգնություն, որովհետև գանգատները վերաբերել են սրտի շրջանին և վտանգավոր են եղել»։

«Դատարանը հստակ ասաց, որ հաշվի առնելով, որ առողջության հետ կապված հրատապ հարց էր, նույնիսկ հարկ չի համարել, որպեսզի Վարդան Ղուկասյանը գա, մասնակցի նիստին, այլ նույնիսկ այն տպավորությունները, որ այդ պահին արդեն տեղափոխված է պարոն Ղուկասյանը, երբ որ դատարանը ընթերցում էր դա, դատավորի խոսքից դա էր բխում։ Նույնիսկ իմ կարծիքով՝ դատավորին են խաբել, որ տեղափոխում ենք հիվանդանոց, այնինչ թույլ չեն տվել, որ տեղափոխեն հիվանդանոց և տարել են քրեակատարողական հիմնարկ», - հավելեց փաստաբանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին բանտ տեղափոխվեց. շտապօգնության բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել է

Ո՞վ է որոշել, որ բժշկի ցուցումով հիվանդանոցի փոխարեն Ղուկասյանը պետք է նորից բանտ տեղափոխվի. այս հարցի պատասխանը ստանալու համար հարցում են ուղարկել ոստիկանություն. «Այստեղ արդեն մենք գործ ունենք վատ վերաբերմունքի, խոշտանգման հետ, որի հետ կապված և՛ ներկայացվել են հաղորդումներ, և՛ շարունակվելու են ներկայացվել հաղորդումներ, և՛ միևնույն ժամանակ պլանավորում ենք խափանման միջոցի հարց բարձրացնել դատարանի առաջ, որովհետև բացի այն, որ կա արդեն հիվանդությունների հստակ ցանկ, կա նաև պետության հստակ դրսևորած վարքագիծ, որը վտանգում է արդեն պարոն Ղուկասյանի կյանքը»։

«Քրեակատարողական բժշկության կենտրոնի» տնօրեն Կամո Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք որևէ փաստաթուղթ չեն ստացել այն մասին, որ դատարան կանչված Շտապօգնության բժիշկը Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխելու ու հետազոտելու անհրաժեշտություն է տեսել: Պնդեց, թե այդ մասին մամուլից է իմացել: Պաշտոնյան նաև հավաստիացրեց, որ Ղուկասյանը բժիշկների մշտական հսկողության տակ է, բայց առողջական վիճակի մասին իրավասու չէ հավելյալ տեղեկություն տրամադրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանը դատարանից կրկին տեղափոխվեց հիվանդանոց

Ավելի վաղ բժիշկները Ղուկասյանին ստուգել ու եզրակացրել էին, որ նրա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկում չեն, թեև նաև նշել էին, որ Գյումրիի քաղաքապետը բուժման կարիք ունի: Փաստաբանը պահանջում է իր պաշտպանյալի հիվանդությունները ամբողջության մեջ դիտարկել՝ պնդելով, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել Ղուկասյանին:

Ռուսամետ հայացքներով հայտնի Ղուկասյանին այսօր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ մի դաշինքում լինելու մասին Ղուկասյանի հայտարարությունը նրա նկատմամբ քրեական հետապնդման առիթ է դարձել: Լավրովը, ի դեպ, սխալ տեղեկություն ուներ, թե Ղուկասյանը տնային կալանքի տակ է. «Ճիշտ նշեցիք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստան-Բելառուս միությանը։ Որևէ կերպ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնող քաղաքական հայացքների համար ձերբակալությունն, իհարկե, մտահոգություն է առաջացնում»։

Լավրովի հիշատակած հայտարարության հետքերով Ղուկասյանի դեմ հարուցված վարույթը վերջերս կարճվել է, քննիչները մի քանի ամիս քննել ու հանցակազմ չէին տեսել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ հոդվածով դադարեցվել է

Գյումրիի 65-ամյա ընդդիմադիր քաղաքապետը մեղադրյալ է միանգամից երեք՝ կաշառք ստանալու, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով: Մեղադրանքները չի ընդունում: Բանտում է անցած հոկտեմբերից: Վերջերս նրա կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացվեց, ինչը փաստաբանները բողոքարկել են, բայց Վերաքննիչ ատյանը դեռ որոշում չի կայացրել: