Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Դուբլինում վարչապետը հայտարարել էր, որ դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։

Փաշինյանն այսօր մանրամասնեց, որ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետերի ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։

Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերին՝ Բիշքեկում։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը խորացել է Երևանի եվրոպական ձգտումների և ՀԱՊԿ-ի շուրջ տարաձայնությունների ֆոնին:

Երևանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Նոյեմբերի 11-ին էլ ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից: