Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները

Հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Հեռախոսազրույցի մասին իր տելեգրամյան էջում գրել է Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են ավելի կառուցողական. «Կարևոր է, որ մեր միջև անընդհատ երկխոսություն լինի»։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ զրույցի ընթացքում քննարկել են իր՝ Հայաստան այցի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները

Նախօրեին էլ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան էին հեռախոսազրույց ունեցել, մտքեր փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և արտգործնախարար Անդրիյ Սիբիհան Հայաստանում էին մայիսի սկզբին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները