Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Երևանում քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից: Թե մասնավորապես ինչ է քննարկվել, չի նշվում:
Նրանք, ըստ կառավարության, խոսել են նաև մի շարք այլ հարցերի մասին, ինչպես օրինակ ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները:
Կոսն ասել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես, բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ–ներին։
Նիկոլ Փաշինյանն ու հանձնակատար Կոսը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված Երևանի ջանքերին:
Կոսն ավելի վաղ հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հանդիպումից հետո նա հայտնել էր Հայաստանին լրացուցիչ 140 միլիոն եվրո աջակցության տրամադրման մասին:
Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատարը Հայաստանում է՝ Եվրամիություն–Հայաստան գործընկերությունն ամրապնդելու նպատակով, այցից առաջ հաղորդել էր Բրյուսելը:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին:
Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն: