Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կառավարության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։

«Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի նախագահական գրասենյակի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։

«Ընդգծելով, որ Թուրքիան տարածաշրջանում ձգտում է խաղաղության և կայունության, նախագահ Էրդողանը հավելել է, որ միշտ կաջակցենք այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»,- ասվում է Թուրքիայի նախագահական գրասենյակի հաղորդագրությունում:

Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Հայաստան 2008-ից՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո, երբ Երևան էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Ամիսներ առաջ, խոսելով տարածաշրջանի մասին, նա կոչ էր արել Երևանին ու Բաքվին «օգտագործել ներկայիս բարենպաստ պայմանները՝ կայուն կարգավորման հասնելու համար»։

Նախորդ ամսվա վերջին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլև բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունԽուդաթյանն Ախալքալաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման արարողությանըԱխալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար. Փաշինյան