«Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը վտանգ է». Նարեկ Կարապետյան

Այսօր՝ քարոզարշավի 12-րդ օրը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Մասիսում պնդեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը վտանգ է Հայաստանի համար։

Ինքը՝ Փաշինյանը, երեկ կոշտ քննադատել էր ընդդիմադիրներին ու պնդել, թե պատրաստ է նրանց «սատկացնել, չոքացնել», ու որ սպառնում է բոլոր նրանց, ովքեր կասեն, թե 44-օրյա պատերազմի հետևանքով 5000 զոհ է եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը

«Ուժեղ Հայաստանից» պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն ի պատասխան այս հայտարարության առաջարկեց հրապարակել զոհերի անունները, ծննդյան ամսաթվերը, որպեսզի վարչապետի նշած թվերի հետ հնարավոր լինի համեմատություններ անել ու հասկանալ, թե որտե՞ղ է ճշմարտությունը։ Ղազարյանի համոզմամբ՝ եթե չեն հրապարակվում այդ տվյալները, ուրեմն իշխանությունը ստում է։

Ներկաներին տեսաուղերձով դիմեց նաև տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը՝ հայտարարելով, թե ժողովրդի հետ միասին տալու են «չարի վերջը»։

Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև թիմակիցներին հետապնդելու փաստերին՝ նշելով. «Այդ բարեգործության արգելքի թեման... Ամեն օր ինչ-որ բան հայտնում են, ամեն օր ապացուցվում է, որ նրանք, ովքեր մեզ հետ կապ ունեն, բոլորն ազատ են արձակվում, որովհետև դատարանում պարզ է դառնում, ովքեր են իրավացի, ովքեր՝ ոչ։ Ցավոք, ունենք նաև մարդիկ, ովքեր քաղաքական պատվերով մեկամսյա կալանքի տակ են, բայց գրեթե 95 տոկոսի դեպքում մարդիկ ազատ են արձակվում, որովհետև այդ ամենի տակ հիմք չկա»։

Նարեկ Կարապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի այսօրվա տարածած հայտարարության ֆոնին, սակայն, խոսեց ընդհանրական՝ պնդելով, թե՝ այդ բոլոր գործերով իրավապահները փորձում են իրենց զբաղեցնել և շեղել քարոզարշավից, բայց իրենք չեն շեղվի։

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը բացահայտելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է ընտրակաշառքի հերթական դեպքերը բացահայտելու մասին

Ըստ Հակակոռուպցիոնի հայտարարության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք «օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները»։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Թե քանի հոգի և ովքեր են ձերբակալվածները, Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում։

«Ուժեղ Հայաստանից» հերքում են այս մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստանը» չարձագանքեց Փաշինյանի սպառնալիքներինՓաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերովՎարչապետի հետ վիճող կնոջից հրաժարականի դիմում են պահանջել, հաստատում է դուստրը