Փաշինյան․ Տավուշով անցնող երկաթուղին կարող է դառնալ արևելքը արևմուտքին կապող ճանապարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Հայաստանի հյուսիսային մարզերը Ադրբեջանի հետ կապող երկաթուղին, որ արդեն երեք տասնամյակ չի գործում ու ավերված վիճակում է, մոտ 500 միլիոն դոլար կարժենա, այսօր Տավուշում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վկայակոչելով Միացյալ Նահանգների հետ օրերս ստորագրված ու նախաստորագրված փաստաթղթերը՝ վարչապետը նշեց, թե ակնհայտ հույսեր կան, որ ԱՄՆ-ը Տավուշը, Լոռին ու Շիրակը դիտարկում է որպես արևելքը արևմուտքին կապող ռեալ ճանապարհ: Ընդգծեց, թե մինչև խաղաղության հաստատումը անարդյունավետ և ոչ եկամտաբեր է համարվել Տավուշով անցնող երկաթուղու վերականգնումը, բայց այժմ տեսանելի է, որ 500 միլիոն դոլարի ներդրումը կարող է արդյունք բերել: Փորձագետներն են նման եզրակացություններ տվել, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Եվ հիմա շատ մեծ պոտենցիալ եմ ես տեսնում, որպեսզի մենք էդ երկաթուղին վերականգնենք, բայց մի նորությունով: Նորությունը պետք է լինի հետևյալը՝ Իջևան-Հրազդանի ճյուղը և Այրում-Գյումրու ճյուղը, երկաթուղիները, իրարից շատ մոտ են, և մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որ տեսնենք, որ, երկաթուղու երկու ճյուղերը միացնենք իրար: Եթե դա տեղի ունենա, և սահմաններն էլ բացվելու են՝ միանշանակ բացվելու են, էդ նշանակում է, որ երկաթուղու վրա ընդհուպ 500 միլիոն դնելը կարա տրամաբանական լինի, որովհետև էդ գումարը հետ կգա: Եվ հիմա հետազոտություններ են տեղի ունենում էդ ուղղությամբ», - հայտարարեց Փաշինյանը:

Այս մասին վարչապետը խոսում էր Տավուշի Հաղարծին գյուղում: Հիշեց, որ տարիներ առաջ սողանքի հետևանքով ոչնչացել է երկաթուղու Հաղարծինի հատվածը, բայց այժմ, ըստ նրա, ուսումնասիրություններ են կատարվում: Առանց ժամկետներ, ընտրողներին ասաց, թե աշխատելու են քայքայված երկաթուղին դարձնել ճանապարհ դեպի Ադրբեջան:

Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում խոսեց խաղաղությունից, նախկիններից, որ այժմ պայքարում են նորից իշխանության գալու համար: Դարձյալ մեղադրեց, թե 2020 թվի պատերազմը հենց նրանցից է ժառանգել:

«Մեզ ասում են՝ «պատերազմ եք արել, պատերազմ եք սադրել», իրանք գիտեին, որ պատերազմ են թողել, պատերազմը թողած հեռացել: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ մի բանի վրա. 2016 թվի չորսօրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել, այսինքն՝ 2016 թվականի պատերազմը շարունակվել է 17-ին, 18-ին, 19-ին, և 2020 թվի պատերազմը ընդամենը 2016 թվի պատերազմի շարունակությունն է եղել», - ասաց Փաշինյանը:

Նաև սահմանազատված հատվածներում անվտանգությունից խոսեց: Պնդեց՝ փարատվել են կասկածները, թե սահմանամերձ գյուղերում, հատկապես՝ Կիրանցում, որ ադրբեջանցիներին ավելի են մոտեցել սահմանազատումից հետո, վախի մեջ են ապրելու մարդիկ:

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թվականին Տավուշի հատվածում մոտ 12 կիլոմետր են սահմանազատել: Դրանից հետո հողի վրա այլ գործնական աշխատանքներ չեն եղել:

«Նախորդող շրջանում մենք այդ թվում ընդդիմությանը անընդհատ հրավիրում էինք, ասում էինք՝ «եկեք տանենք ցույց տանք ձեզ, եկեք տանենք ամրացված շրջանները ցույց տանք, եկեք տանենք մեր ձեռք բերած զենք-զինամթերքը ցույց տանք»: 2024 թվին նրանք ասում էին՝ «Կիրանցը տալիս է ադրբեջանցիներին, Ոսկեպարի եկեղեցին տալիս է ադրբեջանցիներին», և այլն, և էսպես շարունակ: Ի՞նչ եղավ արդյունքում, որտե՞ղ է այսօր Ոսկեպարի եկեղեցին, այսօր Ոսկեպարի եկեղեցին սահմանագծված սահմանի էն կողմում է՞, թե՞ էս կողմում է. իհարկե էս կողմում է», - ընդգծեց վարչապետը:

Բերդում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու էին եկել քաղաքապետ Աստղիկ Հակոբյանն ու աշխատակազմի անդամները: Հակոբյանը 2021 թվականին համայնքի ղեկավար է դարձել ընդդիմադիր «Զորավոր համայնք» կուսակցության կողմից: Այսօր նա հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին, թե արդյո՞ք աջակցում է «Քաղաքացիական պայմանագրին», որի հետ քաղաքական հակառակորդներ են եղել հինգ տարի առաջ:

«Կառավարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, այո, հինգ սուբվենցիոն ծրագիր 2026 թվականին իրականացնում ենք», - ասաց Հակոբյանը:

Իշխանական կուսակցության քարոզչությանն այսօր մասնակցողները նշեցին, որ գնահատում են Կառավարության վերջին տարիներին կատարած աշխատանքը: Ճանապարհներ, դպրոցներ ու բակեր են նորոգվել: Շեշտում էին նաև հաստատված խաղաղությունը:

Բերդում «Քաղաքացիական պայմանագրի» ժամանման հետ տեղատարափ անձրև սկսվեց: Այստեղ վարչապետը կարճ խոսեց անձրևի տակ: Հաջորդ հանդիպումը փակ դահլիճում էր:

Իշխող ուժը ևս մեկ քարոզչական օր կանցկացնի Տավուշի մարզում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր երկաթուղին չենք կարող թողնել՝ մնա մետաղի ջարդոն. վարչապետՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում. Փաշինյանը՝ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասինՓաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»Վարչապետ. «Այսօր տեսնում եք Հայաստանի Հանրապետության նոր բանակը»Ռուբիոն խոսել է Հայաստանի հետ «հիանալի նոր հարաբերությունների» մասինԹրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՓաշինյանինՎարչապետը մանդատ է խնդրում, որ ընդդիմախոսները «Մեղրին չհանձնեն», «300 հազար ադրբեջանցու էջն էլ չբացվի»Կարծում եմ՝ շաբաթների ընթացքում կունենանք TRIPP նախագծի ստորագրում. ՄիրզոյանԱՄՆ-ն և ՀՀ-ն նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը