Փաշինյանը հանդիպել է Ժապարովի հետ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Չոլպոն-Ատա քաղաքում, որտեղ անցկացվում է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Ժապարովը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։

«Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում», - ասել է Ղրղզստանի նախագահը:

Ժապարովն ընդգծել է Հայաստանի վարչապետի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը, և համոզմունք է հայտնել, որ խաղաղության և կայունության ապահովումը կայուն աճի և ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։

Սադիր Ժապարովը կարևորել է Ղրղզստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը;

Փաշինյանը շնորհավորել է Ժապարովին Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու առիթով։

«Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշել է Հայաստանի վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան՝ ԵԱՏՄ նիստին