«Ադրբեջանի հետ բանակցություններում մենք ասում ենք, որ մեր Սահմանադրության հարցը չենք քննարկելու որևէ արտաքին սուբյեկտի հետ», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պայմանը չի որակվում որպես խաղաղության գործընթացը խաթարող վարք:
Հարցին արձագանքելով՝ վարչապետը նաև ասաց. - «Երբեմն տպավորություն է, որ նման հայտարարություններն արվում են ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, այդ հայտարարությունները սնում են ընդդիմությանը: Պաշտոնական մակարդակում մենք ասում ենք՝ չենք քննարկում Սահմանադրության հարց, մեզ ասվում է՝ «չենք բարձրացնում Սահմանադրության հարց»: Մենք պարզապես, քանի որ քննարկում է, տեղեկացնում ենք, որ ունենք այդպիսի ընկալում խնդրի վերաբերյալ»:
«Մեր նախընտրական ծրագրում է նոր Սահմանադրության ընդունման հարցը, նաև՝ Կառավարության ծրագրում: Առաջիկայում տեքստը կհրապարակվի, այդ թվում՝ խորհրդարանի հետ կսկսենք քննարկում», - Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետը:
Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: