Պակիստանի և Աֆղանստանի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են:
Պակիստանի կողմից նախօրեին թալիբների ռազմական օբյեկտներին և դիրքերին հասցված հարվածները, այդ թվում՝ Քաբուլում և Քանդահարում, վերջին տարիներին ամենախոշորներից մեկն են դարձել:
Երկու կողմերն էլ հայտնում են ծանր կորուստների մասին, սակայն նրանց տվյալները հակասում են միմյանց: Պակիստանը հայտարարել է, որ սպանվել է իր 12 զինվոր և «Թալիբանի» 274 անդամ, իսկ թալիբները հայտարարել են, որ զոհվել են իրենց 13 մարտիկները և 55 պակիստանցի զինվորներ:
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը հայտնել է, որ Խոստայում և Պակտիկում սպանվել է 19 խաղաղ բնակիչ, 26-ը՝ վիրավորվել: Այս տեղեկությունը ստուգել չի հաջողվել:
Պակիստանն իր գործողություններն անվանել է պատասխան անդրսահմանային հարձակումներին, մինչդեռ Քաբուլը դրանք դատապարտել է՝ որակելով իր ինքնիշխանության խախտում: Աֆղանստանը հայտարարել է, որ բաց է մնում երկխոսության համար, բայց նախազգուշացրել է, որ ցանկացած ավելի մեծ հակամարտություն լուրջ հետևանքների կհանգեցնի:
Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր խան Մութաքին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ լարվածությունը նվազեցնելու և դիվանագիտական ուղիները բաց պահելու վերաբերյալ:
Եվրամիությունը երկու կողմերին էլ կոչ է արել դեէսկալացիայի և երկխոսության, ՄԱԿ-ը հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Ռուսաստանը երկու կողմերին կոչ է արել դադարեցնել բախումները և վերադառնալ բանակցություններին, Չինաստանը հայտարարել է, որ խորապես մտահոգված է և պատրաստ է օգնել թուլացնել լարվածությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Պակիստանի՝ թալիբների հարձակումներից պաշտպանվելու իրավունքը։