Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով ամենամեծ հարկատուն հեռախոսների, տեխնիկայի ու դրանց աքսեսուարների ներմուծմամբ, վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունն է։
Խոշոր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը հսկայական աճ գրանցեց 2022-ից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո՝ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստան կատարած վերաարտահանումների շնորհիվ։ Այս տարվա 9 ամիսներին Mobile Centre-ը բյուջե է վճարել 64.3 մլրդի հարկեր։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության հարկերն աճել են 22 տոկոսով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս «Մոբայլ Սենթր»-ը դարձավ Հայաստանի առաջին հարկատունԵրկրորդ ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած ավելի քան 60 մլրդ 800 մլն դրամի հարկերով։ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամկետի հետ համեմատած ավելի է վճարել 24.7 մլրդ դրամ (64 տոկոս ավելի)։ Խոշոր հարկատուների մեջ երրորդը «Գրանդ տոբակո»-ն է՝ 46.2 մլրդ դրամ վճարած հարկերով։ Խոշորների տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 39.5 մլրդի վճարած հարկերով, «Արդշինբանկ»-ը՝ 38 միլիարդով, «Ամերիաբանկ»-ը՝ մոտ 28 մլրդով։
Խոշոր հարկատուների թոփ-տասնյակի մեջ կան 3 ծխախոտագործական, ծխախոտի վաճառքով ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»), 2 բանկեր, խաղային ոլորտի 2 ընկերություններ («Սոֆթ կոնստրակտ» և «Դիջիթեյն»)։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող, այժմ հանրային գերակա շահ ճանաչված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2026-ի 9 ամիսներին բյուջե է վճարել 17.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47 տոկոսով կամ 5.5 մլրդով ավելի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Անօրինական ակտ». «Տաշիր Կապիտալ»-ը՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման մասինԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանն էլ այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը։ Այստեղ ևս պետությունը կառավարիչ է նշանակել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականի։ «Արարատցեմենտ»-ն այս 9 ամիսներին վճարել է 4.4 մլրդ դրամ, ավելի քան 400 մլն դրամով պակաս, քան անցյալ տարվա 9 ամիսներին։
Հայաստանից գյուղմթերքի արտահանման ռուսական սահմանափակումների ֆոնին, որ սկսվել են այս տարվա մայիսից, շարունակում է վճարած հարկերը նվազեցնել «Սպայկա»-ն։ Հայաստանի ամենամեծ ագրոհոլդինգը, որ ֆերմերների արտադրանքի արտահանումն էր կազմակերպում, ինչպես նաև ուներ սեփական խոշոր արտադրություններ, այս տարվա 9 ամիսներին պետբյուջե է վճարել 3 մլրդ 679 մլն դրամ։ Անցած տարվա 9 ամիսների համեմատությամբ անկումը 13.3 տոկոս է՝ ավելի քան 500 մլն դրամ։ Սա առաջին անկումը չէ՝ առաջին կիսամյակում էլ «Սպայկա»-ի հարկերը նվազել էին 45 տոկոսով։
Ռուսական սահմանափակման մեկ այլ ուղղություն է ձկան արտահանումը։ Ձկների արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Մաքս ֆիշ»-ն այս տարվա 9 ամիսներին բյուջե է վճարել 582 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 70 միլիոնով պակաս։ Ռուսաստանում սահմանափակումների է բախվում նաև հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ գրուպ»-ը. ընկերությունը, սակայն, ավելացրել է հարկերը մոտ 1 մլրդով՝ այս տարվա 9 ամիսներին բյուջե վճարելով ավելի քան 8.6 մլրդ դրամ։