«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, թե ընտրական գործընթացի ընթացքում դաշինքը գործել է «աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում» և, որ այսպիսով ԿԸՀ հրապարակած թվերը «չեն կարող արտացոլել իրական պատկերը»:
«Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա»,- գրել է «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Դաշինքից պնդում են, թե քվեարկության օրը կիրառվել է վարչական ռեսուրս:
«Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին»,- ասված է կուսակցության խոսնակի հայտարարությունում:
Նշվում է, որ «այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը» և, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է «իրավիճակի վերլուծությամբ»:
Իշխող ուժը, նախօրեին հրավիրած ասուլիսում հակադարձել է՝ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, ձերբակալվում են նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշխվում են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» - 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;
«Ուժեղ Հայաստան» - 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;
«Հայաստան» դաշինք - 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:
Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար: