«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի մասին «պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են»։
«Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։
... Այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քառորդի արդյունքները։ Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո», - Ֆեյսբուքում գրել է Սաղաթելյանը:
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրում է. - «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները: Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10 տոկոսից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10 տոկոսն էլ ամփոփած չէ»:
«Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է», - հայտարարում է նախկին ՄԻՊ-ը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ևս ընդգծում է, որ Փաշինյանը հայտարարությունն արեց, երբ քվեարկության արդյունքների մոտ 10 տոկոսն էր ամփոփված:
«Սպասենք՝ մեծ դաշինքները տենանք ինչ են ասում», - հայտարարում է Մարուքյանը սոցցանցերում հրապարակած տեսանյութում:
«Տվյալները չկան՝ մարդը ասում է «ես հաղթել եմ»: Ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում է, բոլոր», - պնդում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը: