«Ուժեղ Հայաստան»-ը «ահազանգեր է ստացել», որ մարդկանց հրահանգել են ընտրությունների օրը դուրս բերել դաշինքի քվեաթերթիկը

«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը, մայիս, 2026թ.

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներից Գոհար Մելոյանը հայտարարել է՝ ահազանգեր են ստացել, որ մարդկանց հրահանգել են ընտրությունների օրը դուրս բերել «Ուժեղ Հայաստան»-ի քվեաթերթիկը՝ որպես ապացույց, որ այդ ուժի օգտին չեն քվեարկել:

Ըստ ընդդիմադիր դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ Մելոյանի նկարագրած գործողությունները իրենց համակիրներին պարտադրում են անել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, իսկ իրենց համակիրները հենց ՏԻՄ աշխատողներ են:

Սակայն անուններ, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, Կարապետյանը չտվեց, միայն ասաց, որ խոսքը Երևանի մասին չէ, այլ մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններում են այդպիսի գործողություններ ստիպում անել պետական աշխատողներին:

Նա հայտարարեց, որ, իհարկե, իրավապահներին իրենք չեն վստահում, բայց պատրաստվում են դիմել:

«Մի քանի հազար թիմակիցներ ունենք՝ որպես վստահված անձ, փորձելու ենք ամենայն խստությամբ պրոցեսները վերահսկել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն: Մեզ հասնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ իշխող ուժը ունի ներկայացուցիչներ, կան ճնշումներ մարդկանց վրա՝ այսպիսի ճնշումներ, և պետք է հետևենք, որ այդպիսի բան չլինի», - «Ազատությանը» ասաց Նարեկ Կարապետյանը:

«Իրենց նշանակած իրավապահները մաքսիմում կարող է զբաղվեն ձայնագրություն բեմադրելով՝ գործակալներ ուղարկելով և դրանցով ձայնագրություն բեմադրելով: Իրենց նշանակած իրավապահները հաստատ իրենց չեն բռնելու: Դիմելու ենք, բայց, ճիշտը որ ասեմ, բացի դատական համակարգից, որտեղ փոքր-ինչ պահպանվել են ինչ-որ ազատություններ, այլ համակարգերում մենք չենք տեսնում այդ ազատությունը և տեսնում ենք տոտալ քաղաքականացում, կուսակցականացում», - նշեց Կարապետյանը:

Քննչական կոմիտեի խոսնակը «Ազատությանը» հայտնեց, որ իրենք հաղորդում չեն ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նարեկ Կարապետյանը կմասնակցի ընտրական ցուցակների առաջին համարների բանավեճին«Խուժանավարի տարել են». փաստաբանները չէին կարողանում մտնել Հակակոռուպցիոն՝ պաշտպանելու ձերբակալված ընդդիմադիրներին Ռուսական ազդեցության մեղադրանքներ՝ ընդդիմությանը, վարչական ռեսուրսի չարաշահման՝ իշխանությանըՉնայած օր-օրի ավելացող քրգործերին՝ «Ուժեղ Հայաստանից» հերքում են, թե ընտրակաշառք են տալիսՀակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառքի հերթական դեպքը բացահայտելու մասինԶրո տոկոս ծայրահեղ աղքատություն, թոշակների ավելացում. ինչ է խոստացել «Ուժեղ Հայաստանը» լոռեցիներինՍամվել Կարապետյանը քննադատեց ձեբակալություններն ու կալանավորումները, երկրի կառավարումը