«Ուժեղ Հայաստան»-ի անդամների նկատմամբ բռնություններից հետո ոչ մի ՔՊ-ական չի պատժվել

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձին ծեծելու դեպքից տասն օր անցել է, տեսախցիկով էլ էր արձանագրվել բռնությունը, բայց ոչ մեկն ազատությունից չի զրկվել: Բռնության ենթարկված Լևոն Հոխիկյանը նույն օրը «Ազատությանը» պատմել էր, որ Լիճքի վարչական ղեկավարը՝ ՔՊ-ական Սիրակ Սիրականյանը ընտրության օրը խմբով հարձակվել ու ծեծել է իրեն:

Այս դեպքով հարուցված քրեական գործով երկու հոգու մեղադրանք է առաջադրվել, մեկին առողջությանը թեթև վնաս պատճառելու և ընտրական հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով, մյուսին՝ միայն առողջությանը թեթև վնաս պատճառելու: Երկուսին էլ արգելվել է երկրից բացակայել, իսկ նրանից ո՞ր մեկն է Լիճքի վարչական ղեկավարը, Քննչականի լրատվականից հրաժարվեցին անուն նշել:

«Ազատության» հետ զրույցում բռնության ենթարկված տղամարդը պնդել էր, թե վարչապետ Փաշինյանի կուսակից Սիրակ Սիրականյանը համախոհների հետ իր վրա հարձակվել է հաշվեհարդարի նպատակով: Սիրականյանը ընտրական տեղամաս է մտել՝ որպես ՔՊ-ի երրորդ վստահված անձ, ինչը խախտում է, Լևոն Հոխիկյանն էլ հորդորել է՝ նրանցից մեկը դուրս գա ու դրանից հետո ընտրական տեղամասի մոտ հարձակվել են ընդդիմության վստահված անձի վրա ու ծեծել: Ինչի՞ց է բորբոքվել իշխող կուսակցության ներկայացուցիչը, Սիրականյանին մինչ օրս լսել չի հաջողվում, օրերով մեր զանգերին ու նամակներին չի պատասխանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ծեծկռտուք, հարվածներ». ընդդիմությունն ահազանգում է ընտրությունների օրը բռնությունների մասին

Մի դեպք էլ Ավշարի ընտրական տեղամասում էր եղել, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչն էր հարձակվել «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա, այս դեպքով էլ մեղադրյալ չկա: Քննչականից ասացին՝ նախաքննությունը շարունակվում է:

Այս միջադեպն էլ քարոզարշավի ժամանակ եղավ ու նորից ոչ մեկը չի պատժվել, երբ տեսանյութով երևում է, որ ՔՊ-ական Արսեն Հարությունյանը հարվածում է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մասնակիցներից մեկին: Հարությունյանը Մասիսի ավագանիում ՔՊ խմբակցության անդամ է և երկրապահ կամավորական միության Մասիսի կառույցի ղեկավարը: Նրան մեղադրանք չի առաջադրվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանի սպառնալիքներն ուղիղ կապ ունեն ՔՊ-ականների բռնությունների հետ». իրավապաշտպան

Մասիսի Նոր Կյուրին համայնքում քրոզարշավի ժամանակ հանդիպել էին իշխանության ու ընդդիմության անդամները, հետո քաշքշուկ էր սկսվել: Ընդդիմադիրները պնդում էին՝ ՔՊ-ակններն են սադրել վեճը, ՔՊ անդամ Արսեն Հարությունյանն էլ, թե՝ ընդդիմադիրներն են գոռգոռացել, իշխանականներին թուրք են ասել ու դրանից հետո ինքը պահանջել է, որ հեռանան:

Փաշինյանի կուսակիցների մասնակցությամբ բռնության այս դեպքերի քննությունն ու ընթացքը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի պնդմամբ՝ խտրականության վառ օրինակ են: Օրենքն ու պատիժը ըստ կուսակցական հայացքների են կիրառվում, ասում է իրավապաշտպանը:

«Էստեղ հստակ խտրական մոտեցում է և օրենքի հավասարաչափ կիրառում չէ, տարբեր կուսակցությունների ու տարբեր քաղաքական հայացքներ ունեցողների նկատմամբ», - ասաց նա:

Տեսանյութերով արձանագրված բռնության այս դեպքերով ոչ մեկը չի պատժվել, մինչդեռ իշխող կուսակցության պաստառ պոկելը ճակատագրական դարձավ քաղաքացու համար, հիշեցնում է իրավապաշտպան Հովհաննիսյանը: Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվեց իշխող ՔՊ-ի քարոզչական պաստառը պոկելու համար ու նույն օրը ինքնասպանություն գործեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Համակարգն ունի իր մեղքը». պաստառ պոկելու համար ձերբակալված ու հոգեբուժարանում ինքնասպան եղած տղամարդու գործով մեղադրյալ չկա

Սա այն դեպքում, երբ պաստառը պոկելը վարչական խախտում է ու տղամարդուն կալանավորել էին օրենքից դուրս, շեշտում է իրավապաշտպանը:

«Որ խտրական մոտեցում է և օրենքի անհավասար կիրառում է, հստակորեն երևանում է», - ասաց Հովհաննիսյանը:

Արթուր Օսիպյանին բանտարկեցին Փաշինյանին հարցեր տալու համար, որ նույնպես օրենքի հետ աղերս չուներ ու արտառոց էր, հիշեցնում է իրավապաշտպանը: Մինչդեռ իրավապահ մարմիններն, ըստ նրա, զսպող նշանակություն պետք է ունենան իշխանություն ու լծակներ ունեցող մարդկանց նկատմամբ:

«Այդ մարմինները զսպիչ որոշակի գործողություն են կատարում հենց իշխանություն ունեցողների նկատմամբ:Դա նշանակում է, որ իշխանությունը ավելի ազատորեն է գործելու ու խախտելու է մարդկանց իրավունքները», - ընդգծեց նա:

Օրենքի խտրական կիրառումը, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, էլ ավելի է ազատելու իշխանականների ու նրանց համախոհների ձեռքերը: