Պատերազմը պետք է ավարտվի՝ դիմելով Ռուսաստանի նախագահին այսօր Դավոսում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը: Մինչ այդ նա փակ դռների հետևում մոտ մեկ ժամ բանակցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իր գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ու փեսա Ջարեդ Քուշներին էլ գործուղել Մոսկվա։ Թե կոնկրետ ինչ են քննարկել՝ ինքն ու Զելենսկին, Թրամփը չի մանրամասնել:
«Ես շատ լավ հանդիպում ունեցա նախագահ Զելենսկիի հետ։ Բոլորը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ուկրաինայի նախագահը ևս հանդիպումն «արդյունավետ և իմաստալից» է որակել: Զելենսկին սոցցանցում նշել է, որ պատերազմը դադարեցնելու նպատակով Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցվող փաստաթղթերը հիմա ավելի շահեկան են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով.- «Մենք քննարկեցինք մեր թիմերի աշխատանքը, և գործնականում ամեն օր հանդիպումներ կամ շփումներ են լինում: Փաստաթղթերն էլ ավելի լավ են պատրաստված»:
Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ Դավոս կմեկնի միայն, եթե պատերազմի ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների և երկրի տնտեսական զարգացման փաստաթղթերը պատրաստ լինեն ստորագրման:
Թրամփն էլ Զելենսկիի հետ հանդիպումից առաջ այսօր հայտարարել էր, թե մոտ են գործարք կնքելուն՝ առանց հավելյալ մանրամասների։
Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մնացել է լուծելու մեկ հարց, շվեյցարական Դավոսում այսօր ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ մեկնում է Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ քննարկելու պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագիրը:
«Կարծում եմ՝ մեծ առաջընթաց ենք գրանցել ... Կարծում եմ՝ մեզ մեկ հարց է մնացել։ Մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, ինչը նշանակում է, որ այն լուծելի է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե որն է այդ հարցը՝ հավելելով միայն, որ լավատես է կարգավորման հարցում: Ուիթքոֆը հայտնել է, որ Դավոսում ուկրաինական թիմի հետ քննարկել է նաև Ուկրաինայի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի՝ երկիրն անմաքս առևտրի գոտի դարձնելու գաղափարը։
Մոսկվան հրաժարվել է մեկնաբանել Ուիթքոֆի լավատեսական հայտարարությունը: Մինչ այդ՝ երեկ, Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկեն «ուկրաինական խնդրի կարգավորումն» ու ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Կրեմլի խոսնակը միաժամանակ բարձր է գնահատել խաղաղության ուղղությամբ ԱՄՆ նախագահի ու նրա թիմի ջանքերը:
«Կարելի է միանշանակ ասել, որ Ռուսաստանի նախագահը գնահատում է նախագահ Թրամփի և նրա թիմի, այդ թվում՝ հատուկ դեսպանորդ Ուիթքոֆի խաղաղության ջանքերը ... մենք ողջունում ենք դրանք և դրանց գրանցած արդյունքները», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի և Պուտինի բանագնացները «շատ դրական» և «կառուցողական» են գնահատում Դավոսի հանդիպումըԴիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային:
Օդեսայում երեխա է զոհվել, ևս երկու մարդ զոհվել է Դոնեցկում, 11 մարդ տուժել է Կրիվոյ Ռոգում, ևս վեցը՝ Դնեպրում։ Կիևում մոտ 3000 բնակելի շենք մնում է առանց ջեռուցման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում մոտ 3000 բազմահարկ շենքեր մնացել են առանց ջեռուցմանՈւկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստում գտնվող նավթային տերմինալի, զոհվել է երեք, վիրավորվել ութ աշխատակից:
Ուկրաինան ԵԱՀԿ-ին տեղեկացրել է, որ ունի բավարար տեղեկություն, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարվածներ հասցնել իր էներգետիկ ոլորտին, այդ թվում՝ ատոմակայաններին սպասարկող օբյեկտներին և ցանցերին:
Իսկ այս ընթացքում ուկրաինացիները շարունակում են ռուսական հարվածներից վնասված էլեկտրակայանների վերանորոգման աշխատանքները՝ ձմռան սառնամանիքին րոպե առաջ վերականգնելու էներգամատակարարումը:
«Վնասը զգալի է, իհարկե, մենք կաշխատենք ամեն ինչ վերականգնելու համար, քանի որ էներգետիկ օբյեկտի աշխատանքը անհրաժեշտ է երկրին, տնտեսությանն ու բնակչությանը», - ասում է DTEK Էներգետիկ ընկերության աշխատակիցը:
Մեկ այլ աշխատակցի խոսքով էլ. «Այս հարձակումների պատճառով անընդհատ վնաս է պատճառվում: Հենց վերականգնում ենք էներգամատակարարումը, հարձակումները նորից սկսվում են»: