Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններում Ռուսաստանը դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց է նկատում. Զախարովա

Ռուսաստանը դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց է տեսնում ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններում, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այսինքն՝ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացում, կա դանդաղ, բայց կայուն առաջընթաց», - ասել է նա։

Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կրեմլը վերլուծում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով

Ուկրաինայի նախագահը երեկ ներկայացրեց, թե Մայամիի բանակցություններից հետո ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ամենադժվարը տարածքների հարցն է, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության չեն եկել: Նաև նշել է, որ պատրաստ է այս և մյուս զգայուն հարցերը քննարկել առաջնորդների մակարդակով:

Ռուսաստանը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել նոր առաջարկների վերաբերյալ: