Ավտոբուսի վարորդն անանուն մնալու ու ձայնը փոխելու պայմանով Shamshyan.com-ին պատմել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում լարված իրավիճակ է, մի շարք վարորդներ սպառնում են աշխատանքից դուրս գալ, քանի որ գերհոգնած են նստում ղեկին, վթարների մեջ ընկնում, դրան գումարած երկու շաբաթ առաջ քաղաքապետ Ավինյանի հրահանգով իրենց վրա է դրվել նաև ուղեվարձերի հավաքագրումը:
«Հանկարծ մարդիկ ասում են՝ չենք կարում, հոգնում ենք, ասում է՝ պահանջը սա է, եթե չեք կարում, դիմում գրեք ազատվեք,- ասել է վարորդը, - Վճարման հարցերն էլ կախեցին շոֆեռների վզին: Ամբողջ օրը, կռիվ, դավի, հերիք չի՝ այդքան աշխատացնում են, ամեն 3 օրը մեկ էլ մի ավարիա է լինում, թողնում են շոֆեռների վրա»:
«Խոշոր հաշվով աշխատանքային պայմաններից դժգոհ վարորդ գործից դուրս չի եկել»,- «Ազատությանն» ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: Բայց, որ ազատման դիմում գրած վարորդներ կան՝ հաստատեց, ընդգծելով՝ գրեթե ամեն օր և՛ աշխատանքից դուրս գալու, և՛ գործի ընդունվելու նոր հայտեր են ստանում:
«Հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատման արտառոց հոսք չկա ,- պնդեց՝ Ասատրյանը համեմատական թվեր -ներկայացնելով, - Ապրիլի 7-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ ազատվել է 15 վարորդ, բայց պայմանական փետրվարի 7-ից փետրվարի 23-ը, որ վերցնում ենք, ազատվել է 14 վարորդ։ Մարտի 16-ից ապրիլի 2-ը ներառյալ ազատվել է 18 վարորդ։ Ազատվողների և ընդունվողների վիճակագրությունը, որ նայում ենք, ընդհանուր առմամբ ստաբիլ իրավիճակ է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. ԱվինյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հերիք եղավ, բոլ եղավ. Տիգրան Ավինյանը՝ տրանսպորտում չվճարելու մասին
Երևանի քաղաքապետը երկու շաբաթ առաջ էր հայտարարել՝ ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել հավելավճարներից։ Դրանից հետո ավտոբուսներում վեճեր սկսվեցին Տիգրան Ավինյանի հրահանգը կատարող վարորդների ու չվճարող ուղևորների միջև:
Երկու օր առաջ արդեն քաղաքապետը պնդեց, թե իր հրահանգի արդյունքում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել: Այսօր Երևանի ավագանու նիստում ընդդիմադիրները, դիմելով Ավինյանին, պնդեցին՝ քաղաքապետի հրահանգը սրել է իրավիճակը. «Քաղաքացիներին ինչի՞ եք կռվացնում միմյանց հետ։ Ինչի՞, ի՞նչ եք ուզում այդ քաղաքացիներից, վարորդը պիտի կանգնի, վարորդին այնտեղ եք վատ դրության մեջ դնում, այդ քաղաքացիներին իրար հետ եք կռվացնում։ Այսինքն ու՞ր եք ուզում հասնել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բացեք դուռը»․ Երևանում տրանսպորտի վարորդներն ու քաղաքացիները՝ խառնաշփոթի մեջ
«Փաստերի ստուգման հարթակ»-ի՝ FIP.am-ի ձեռքի տակ հայտնված վարորդներից մեկի պայմանագրով՝ նրանք պարտավոր են միայն անհրաժեշտության դեպքում զգուշացնել ուղևորներին վճարելու մասին և վերջ: Հղում անելով աշխատանքային օրենսգրքին՝ FIP.am-ը նշում է՝ արտաժամյա աշխատանքի վարձատրությունը պարտադիր է և չի կարող կախված լինել ուղեվարձերի հավաքագրումից: Փաստեր ստուգողները եզրակացրել են՝ Ավինյանի պնդումը հակասում է օրենսդրությանը:
Այսօր ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նույնպես հղում արեց վարորդների պայմանագրին ու հիշեցրեց՝ հսկիչների գործն ինչո՞ւ է դրվել վարորդների ուսերին, ո՞ւր են հսկիչները, որոնց հաստիքներն ավելացվել էին:
«Վարորդների պայմանագրային պարտավորությունների մեջ մտնում է ընդամենը զգուշացնել չվճարող վարորդներին ու վերջ, ուրիշ ոչ մի բան։ Պահանջել, կռվի բռնվել, չեմ քշելու, այդպիսի բան չկա պայմանագրերում։ Եվ այդ սպառնալիքը, այդ շանտաժը, որ եթե չմասնակցեն, հավելավճարները չեն ստանա, դա է, որ դրդում է վարորդ-ուղևոր կոնֆլիկտի։ Այդ հավելավճարները լավություն չեն, այդ հավելավճարները ծանր պայմաններում աշխատանքի համար տրվող գումարներն են, և դրա վերաբերյալ էլ արդեն մամուլում կան արտահոսքեր, որ վարորդների շրջանում առաջանում է դժգոհություն», - ասաց նա:
Չնայած այս քննադատությանը ու ավտոբուսներում բուռն վեճերին, Ավինյանը պնդեց՝ օրենքի խախտում չկա: Քննադատներին հիշեցրեց՝ ազատվել են «Գազել»-ներից ու մետաղադրամով վճարելու մշակույթից և անցել թվային վճարումների: Համոզված է՝ իրենց բարեփոխումները ականջահաճո պոպուլիզմ չեն, երկարաժամկետ ծրագրեր են իրագործում: Ավինյանն անդրադարձավ նաև երեկվա միջադեպին՝ ավտոբուսի դանակահարված վարորդին: Քաղաքապետը ընդդիմությանը մեղադրեց, թե նրանց հայտարարությունները խրախուսում են ոչ միայն ուղևորների բոյկոտը, այլ նաև նման վարքագիծը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանում ավտոբուսի վարորդի են դանակահարել«Ժողովո՛ւրդ ջան, դա նորմալ պրակտիկա է միջազգային: Մեր վարորդները ստանում են նորմալ արտաժամյա և բավականին բարձր աշխատավարձ: Որպեսզի մենք կարողանանք այդ աշխատավարձը պահել, մեր ավտոբուսները վերանորոգել, վաղը, մյուս օրը էլի նոր ավտոբուսներ գնել, 2031 թվականին նոր, մեծ խմբաքանակ ունենք առնելու՝ նախորդը արդեն փոխարինելու համար։ Այս ամեն ինչը կազմակերպելու համար պետք է կարողանանք հավաքագրել», - ասաց նա։
«Այս ամբիոնից ասում էիք՝ դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ՝ հարբած, մի հատ թափ-թփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ո՞վ է մեղավոր՝ վարորդը, որ պահանջ է ներկայացնում, ասում է՝ եղբա՛յր, վճարել։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում է», - հավելեց քաղաքապետը։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ երեկ ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում Ոստիկաններն, ի դեպ, դեռ փնտրում են նրան: Վարորդը թեթև վնասվածք է ստացել: «Ազատության» տեղեկություններով՝ վեճի պատճառը եղել է այն, որ ուղևորը 100 դրամ է վճարել, ոչ թե 150: