Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին՝ բառի բուն իմաստով աղմկահարույց հրահանգից հետո վեճերը, բղավոցները, դժգոհություններն ու կոպիտ արտահայտությունները վերադարձան մայրաքաղաքի հանրային տրանսպորտ: «Բացեք դուռը» արտահայտությունը կարելի է լսել գրեթե բոլոր ուղևորությունների ընթացքում՝ անկախ օրվա ժամից:
Թեև անցած տարի հանրային տրանսպորտի ուղեվարձի վճարումները հսկելու համար քաղաքային իշխանությունները մեծ հանդիսավորությամբ այդ գործը հսկիչներին հանձնարարեցին, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեցին, տուգանքներ նշանակեցին ու մի քանի շաբաթ տեսախցիկներով շրջայցեր իրականացրին, Տիգրան Ավինյանն օրերս այդ աշխատանքը դարձյալ դրեց վարորդների ուսերին, որոնք, ըստ ընդդիմադիրների, նման պարտականություն ամենևին չունեն: Հանգամանքը, սակայն, չխանգարեց Ավինյանին վարորդներին ուղիղ սպառնալ՝ չպահանջեք, ձեր աշխատավարձից պահումներ կանենք:
«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման պրոցեսին չեն աջակցում: < > Հավաքագրումից նաև կախված են արտաժամյայի վճարումները», - ասաց նա:
Մինչ քաղաքապետ Ավինյանի այս խոսքերը ավտոբուսներում ամիսներ շարունակ մթնոլորտը հանդարտ էր՝ կար համապատասխան ծառայություն, որն էլ թղթի վրա պետք է զբաղվեր այդ աշխատանքով: Քաղաքապետի սպառնալից խոսքերի հաջորդ իսկ օրվանից հանրային տրանսպորտում իսկական խառնաշփոթ է:
Ինչո՞ւ քաղաքապետարանը գործը դարձյալ վարորդներին հանձնարարեց, որոնք լարված աշխատանք են անում և հիմա դարձյալ ստիպված են իրենց պատասխանատու աշխատանքը թողնել ու քաղաքացիներից վճարում պահանջել ու երբեմն իրենց ուղղված բղավոցներ ու վիրավորական արտահայտություններ լսել: Տիգրան Ավինյանն արդյո՞ք մտածել է, որ վարորդներին հարվածի տակ է դնում, ազդում նրանց նյարդերի վրա, դժվարացնում առանց այն էլ ծանրաբեռնված տրանսպորտի աշխատանքը: Եվրամիության անդամակցության ձգտող մայրաքաղաքի երթևեկության կազմակերպիչները եվրոպական այդ ո՞ր մայրաքաղաքում են նման պրակտիկա տեսել: Քաղաքապետարանն արդեն երեք օր դժգոհություններին չի արձագանքել ու հրահանգը հետ չեն կանչել:
Թեև քաղաքապետարանը հայտնում է, որ նախորդ ամիսներին հսկողություն իրականացնող ծառայությունը մի քանի հազար ստուգում է իրականացրել ու երկու ամսում 922 մարդու տուգանել, գոնե մեր խմբագրության աշխատակիցները, օրինակ, արդեն տևական ժամանակ հսկիչների չեն հանդիպել:
«Ազատությունն» այսօր էլ որոշեց տեսախցիկով ավտոբուսներով երթևեկել ու փորձել պարզել՝ ինչ է փոխվել առանց այն էլ գերբեռնված տրանսպորտի աշխատանքում:
Վարորդները կանգառներում նախ միայն դիմացի դուռն են բացում, որ հետևեն նոր բարձրացող ուղևորների վճարումներին, իսկ իջնել ցանկացողները պետք է սպասեն: Վեճերի պատճառ այդ թվում այս հանգամանքն է դառնում: Թե ինչպես է որոշումը բարդացնում տեղաշարժը, երևաց արդեն հաջորդ կանգառում՝ Մաշտոցի պոողոտայի կանգառներից մեկում 12 ուղևոր էր սպասում, 45 վայրկյան պահանջվեց մինչ նրանք դիմացի դռնից բարձրացան ու վճարեցին, մինչդեռ նույն սարքերը նաև մյուս դռների մոտ են տեղադրված, և այս ամենը կարող էր շատ ավելի արագ լինել:
Ուսանողական թաղամասերում ևս առջևի դռան մոտ սպասողների թիվը մեծ էր:
«Ախպեր, բաց, որ տեղ անենք էստեղ», «Հետևի դուռը բաց, իջնեմ ես»
«Դիմացից ո՞նց նստեմ...». այս արտահայտություններն էինք լսում:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.