Բանգլադեշից Ծարավ Աղբյուրի փողոց երթուղին սպասարկող 99 համարի ավտոբուսն այսօր ժամը 13:00-ին ավելի քան երկու րոպե կանգնեց Բժշկական համալսարանի կանգառում՝ իր հետևից խցանումների մի շարք առաջացնելով. երկարատև կանգառի պատճառը քաղաքային իշխանությունների հրահանգն է՝ արդեն մեկ շաբաթ է վարորդներն են հսկում, որ ուղևորները վճարեն:
Օրվա սկզբին ու ավարտին շարժն էլ ավելի է դժվարանում: Ավտոբուսների երթևեկությունը խցանումներն էլ ավելի չէր բարդանա, եթե չլիներ Երևանի քաղաքապետի հրահանգը. ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից: Տիգրան Ավինյանն այսօր ավելի կոշտացրեց հռետորաբանությունը՝ վարորդը պետք է կանգնեցնի ավտոբուսը, եթե քաղաքացիները չվճարեն.
«Եվ պահանջի, որ կա՛մ վճարի, կա՛մ ավտոբուսից իջնեն: Եվ մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ վարորդին աջակցել այս գործում, որովհետև հերիք եղավ, բոլ եղավ, հերիք եղավ...»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետը, որին չենք տեսել հանրային տրանսպորտով երթևեկելիս, նույնիսկ որոշեց խրատել մարդկանց ու կոշտ խոսքերով ամոթանք տվեց չվճարողներին, ասաց.- «Միակ իրավունքը, որն էդ տեսակ մարդն ունի, ամոթից գետնին նայելն ա, ինչ ա նշանակում՝ եկել, նստել ա, չի վճարել, հլը մի հատ էլ հորթ ու բորդ ա գալիս ու ասում է՝ գիտե՞ք, իրավունք չունես չքշես»:
Օրվա պիկ ժամերին ավտոբուսների դռները դժվարությամբ են փակվում, վճարել նույնիսկ հնարավոր չէ, հակադարձում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա և իր ընդդիմադիր գործընկերներն անցած տարի հանրային տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ էին անում:
«Մարդիկ կես ժամ, 40 րոպե, մեկ ժամ կանգնած են մնում կանգառներում, մի էդքան էլ խցանումների մեջ, դա պետք չի տեղափոխել բարեխղճության դաշտ՝ այ դու ծառայության համար չես վճարում: Եթե քո ծառայությունն անորակ է, դա ինչ-որ մեկի մասնավոր բիզնեսը չի, դա հանրային ծառայություն է, և քաղաքացին իրավունք ունի իր չվճարելով անվստահության մեսիջ ուղարկի քեզ, և դու պիտի հետևություններ անես»,- շեշտում է ավագանու ընդդիմադիր անդամը:
Սուքիասյանի պնդմամբ՝ այս վիճակը չէր լինի, եթե նախ հաշվարկներ անեին, անհրաժեշտ քանակի մեքենաներ գնեին, կատարեին մյուս աշխատանքներն, ապա նոր միայն թանակցումների գնային.
«Էդ նույնն է, որ ասենք՝ մտնես ռեստորան, պատվերը տաս, պատվերիդ կեսը բերեն, էն մնացած կեսը չբերեն, բայց քեզ ստիպեն ամբողջ պատվերի համար վճարել, դուք կվճարե՞ք, իհարկե, բնականաբար, չեք վճարի չէ՞»,- նշում է Սուքիասյանը:
Տիգրան Ավինյանի հրահանգներից հետո ավտոբուսներում վեճեր են ծագում, գրեթե բոլոր ժամերին ավտոբուսներում մի թթու խոսք հնչում է: Բանը բռնության էլ է հասել. օրերս վարորդներից մեկին ծեծի են ենթարկել:
Այժմ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի է բարդանում: «Ազատության» զրուցակիցների մեկն, ով ապրում է Մասիվում, աշխատում առաջին մասում, պատմում է. «Առաջին դռնից բարձրանում են, հետևի դռան մոտ կանգնում են էնքան, խնդրում են վարորդին՝ վարորդ խնդրում ենք դուռը բացեք, մի քանի րոպե անցնում ա, նոր դուռը բացում ա վարորդը...»:
Կինն ասում է՝ տնից գործի հասնելը գրեթե երկու ժամ է պահանջում. «Ահագին տևում է. ժամուկեսից էլ ավելի: Մի երկու ժամ շուտ եմ տանից դուրս գալիս, որ գոնե նորմալ մի 10-15 րոպե շուտ հասնեմ աշխատանքի»:
Նույն կանգառում սպասող կանանցից մեկն էլ պատմում է՝ 35 տարի Լեհաստանի մայրաքաղաքում է ապրել և Վարշավայում հանրային տրանսպորտում նման բան չի տեսել՝ վճարումներին հետևելը վարորդների գործը չէ, նշեց. «Ամեն երկու կանգառի վրա հսկիչները մտնում, ստուգում էին, թող ստեղ էլ տենց անեն, ավելի մեծ քաղաք, քան Երևանը, ավելի շատ ժողովուրդ, քան Հայաստանում, բայց այնտեղ այդպես էր, ամեն երկու կանգառից հետո փոխվում էին անգամ հսկիչները»:
Թե Տիգրան Ավինյանը եվրոպական, ո՞ր մայրաքաղաքի փորձն է վերցրել՝ վարորդներին նման հրահանգներ տալով, պարզ չէ: Փաստ է, սակայն, որ անցած տարի Երևանի քաղաքային իշխանություններն էլ որոշեցին այդ աշխատանքն անել հսկիչների օգնությամբ: Ինչո՞ւ է այժմ այդ բեռը մնացել վարորդների ուսերին, որոնց գործը շատ լարված ու պատասխանատու է: Քաղաքապետարանը միայն աղմկահարույց միջադեպերից հետո հսկողություն իրականացնող վարչությունում աշխատանքի ընդունման հայտարարություն տարածեց: