Ոստիկանություն տարված, ապա ազատ արձակված Գյուլագարակի ավագանու անդամը պնդում է՝ հավաքին մասնակցել չեն պարտադրել

Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների տներում երեկ տեղի ունեցած զանգվածային խուզարկություններից հետո որևէ մեկին այս պահի դրությամբ մեղադրանք չի առաջադրվել: Երեկ 22 անձանց Ստեփանավան, Գյուլագարակ և Կուրթան բնակավայրերից բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Նրանց տներից առգրավել էին տասնյակ հեռախոսներ, համակարգիչներ ու նոթատետրեր։

Դեռ երեկ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթ է հարուցվել հավաքներին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։ Թիրախում հայտնվածների թվում էր նաև Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանը։ Նրա կինը՝ Մարինե Սարյանը, պատմեց, որ իրավապահները տնից տարել են նույնիսկ իր և սկեսրոջ անձնական հեռախոսները:

«Եկել էին խուզարկության, խուզարկեցին ամբողջ տունը, առգրավեցին մեր հեռախոսները, տեխնիկան՝ համակարգիչ, երեխայի խաղալիք պլանշետը, որը նույնիսկ չէր միանում», - «Ազատությանն» ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները

Սպիտակի ոստիկանությունում մի քանի ժամ անցկացնելուց հետո Այվազյանը երեկ ազատ արձակվեց վկայի կարգավիճակով։ Թեև քննչական գործողությունների ընթացքում վկաները կարող են մեղադրյալ դառնալ, բայց Քննչականից հայտնում են, որ խուզարկվածների կարգավիճակն այս պահին չի փոխվել:

«Ապրելու երկիրը» լքած ու այժմ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը վստահեցնում է՝ Երևան հասնող աջակիցները հանրահավաքներին մասնակցում են բացառապես սեփական կամքով, իսկ տրամադրված ավտոբուսները զուտ տեխնիկական հարց են լուծում. «Ենթադրում եմ՝ ինձ կասկածում են, որ ես հարկադրաբար ամսի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքին որևէ մեկին դրդել եմ, կամ գուցե ինձ են դրդել, - ասաց նա, - Մենք համենայն դեպս, որևէ մեկին ոչ պարտադրել ենք, ոչ դրդել որևէ գործողության: Ինքնաբուխ մարդիկ գնում են: Քաղաքներ, գյուղեր կան՝ գուցե ինքնակազմակերպվում են: Օրինակ՝ սրանից առաջ մեծ հանրահավաք կար, ես այնտեղ պատահաբար հանդիպել եմ ինձ ծանոթ շատ մարդկանց»

Ուշագրավ է, որ բերման ենթարկվածների մեջ զգալի թիվ են կազմում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ապրելու երկիրն» ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստանի» հետ

Հենց այսօր այս երկու քաղաքական ուժերը հայտարարեցին իրենց համագործակցության մասին: Նրանց ստորագրած հուշագրով «Ապրելու երկրի» մարզային թիմերն ուժերն են միավորում «Ուժեղ Հայաստանի» հետ՝ ընդգրկվելով վերջինիս նախընտրական ցուցակում։

Երեկ բերման ենթարկվածների թվում էր նաև Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գևորգյանը: Նրա որդին ևս Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է, իսկ Գևորգյանը քաղաքական ուժի աջակիցներից է: