«Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրա հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ:
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն», - մանրամասնում է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները կատարել են իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք. «Մասնավորապես՝ բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս»:
Ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելու հոդվածով։
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը հայտնել էր, որ «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ:
Ավելի վաղ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մարտի 1»-ի գործ․ նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ 10 մարդ է զոհվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, անցած ամիս էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները: