Հայաստանը ցավում է այն իրադարձությունների համար, ինչ տեղի է ունենում Իրանի շուրջ և տարածաշրջանում, սակայն «պիտի արձանագրենք, որ այս իրավիճակը նոր չէ», լրագրողներին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, մի տարի կամ տարիուկես առաջ է ձևավորվել: Ես որ ասում եմ՝ դրա համար եմ՝ ես պեռաշկի ուտում, հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք», - նշեց նա՝ ի պատասխան քննադատությունների, թե ընթացիկ լարված իրավիճակում ինքը և իշխող կուսակցությունը զբաղված են իրենց քարոզչական այցերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետական ուրախ ավտոբուս դեպի մարզերՓաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանի կառավարությունն անհոգ չէ: Թե ինչ գործողություններ և որոշումներ են կայացվել ստեղծված իրավիճակի առնչությամբ, նա չմանրամասնեց:
«Պեռաշկու» մասին հարցը երեկ խորհրդարանում վարչապետին այնքան էր հունից հանել, որ ինքնահրկիզվելու կոչից բացի, նա պնդեց՝ ներկայիս ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ խորհրդարանից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանին հարցրել էր՝ որքա՞ն անլուրջ է վարչապետը վերաբերվել Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, երբ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ «պեռաշկի» էր ուտում ներկուսակցական քարոզարշավի ավտոբուսում: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել էր՝ հենց Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունն է պնդել, որ Իրանում անկայունության աճը կմեծացնի Հայաստանի ավտանգային ռիսկերը:
Այսօր Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմի 6-րդն օրն է: Իրանն իր հերթին պատասխանում է այդ հարվածներին՝ թիրախավորել Իսրայելը, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաները Մերձավոր Արևելքում, մինչդեռ Ծոցի երկրները պնդում են, որ Թեհրանի հարվածները վնասել են նաև քաղաքացիական օբյեկտները:
Թուրքիան երեկ հայտնեց, որ իրանական հրթիռ է խոցել: Ադրբեջանն այսօր հաղորդեց Նախիջևանին հասցված իրանական հարվածի մասին:
Այս օրերին մի շարք թռիչքներ չեղարկվել են: Դրանց պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել՝ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու՝ Շրի Լանկա, Հնդկաստան:
Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են հազար եվրոյից:
Վերջին օրերին Մասկատից երկու օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ 2 օր առաջ օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել: Այսօրվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում հիշեցրեց՝ պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան: