Ոգեկոչում, խոնարհում՝ առանց հստակ դատապարտման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես գալիս Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Երրորդ տարին է՝ Հայաստանի վարչապետի ապրիլքսանչորսյան խոսքում Օսմանյան կայսրությանն ուղղված հասցեական քննադատություն ու պահանջ չկա։

«Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի մատնանշած հատորյակի խմբագրական խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը չի հերքում՝ գերտերությունները մեղսակից էին, բայց իրենց՝ պատմաբանների համար անհերքելի էր նաև՝ ով էր տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն:

«Նույն հատորյակի 493 րդ էջում գրված է՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրագործված եղեռնագործությունները փաստում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպան երկիր է, որի իրավահաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է», - ասում է Վիրաբյանը։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը 2023-ին է ուղիղ ասել, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության կողմից։ Դրանից հետո վարչապետը ապրիլքսանչորսյան ուղերձներում պնդում է, թե Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերը «աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների» զոհ դարձան, կարևորում, իր խոսքով, ներքին հայեցում՝ «Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որ բացառենք ցեղասպանության վտանգը»:

«Աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան», - պնդում է վարչապետը:

Հունիսյան ընտրություններից երկուսուկես ամիս առաջ հրապարակված ուղերձում Փաշինյանը նաև պնդում է, թե «այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, ի վերջո հասցնելու են պետականության ու հայրենիքի կորստի»:

2018-ին՝ իշխանության գալուց հետո ու նաև 2021-ի նախընտրական ուղերձում, մինչդեռ, ինքն էր պնդում՝ «հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել և աշխարհին թույլ չենք տալու մոռանալ»։

«Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը։ ….Հայոց ցեղասպանությունը և այն ծնած գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն», - հայտարարում էր վարչապետը:

Եվ եթե հինգ տարի առաջ Փաշինյանը վստահ էր, որ միայն ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները, այսօր հայտարարում է. - «Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա: Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»:

Անցած տարի Փաշինյանն ավելի հեռուն էր գնացել ու շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը պնդել՝ մենք դեռ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել տեղի ունեցածը կամ ինչու այդ հարցը հայտնվեց Խորհրդային Հայաստանի օրակարգում. - «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թվականի իր ուղերձում, սակայն, Փաշինյանն ինքն էր տվել այս հարցերի պատասխանները. - «Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը»:

«Անցել է մեկ դարից ավելի, սակայն առայսօր Թուրքիան կատարվածի համար ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք հիշում ենք և պահանջում», - 2020 թվականին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Անցած տարվանից, սակայն, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց 2025-ի մարտին՝ Երևան եկած թուրք լրագրողների հետ զրույցում:

«Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր: … Եթե չեմ սխալվում, վերջերս Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելույթի մասին, երբ ես ասում էի հետևյալը՝ սիրելի հայրենակիցներ, երբ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ Կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Մեր իրականության մեջ այդպես է, և դրանում գաղտնիք չկա, և այդ նույնիսկ շատ հեռավոր երկրները, երբ ընդունում են նման որոշումներ և երբ որ ոգևորությունն այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը», - ասաց վարչապետը:

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նկատում է՝ կար մտայնություն, որ եթե Հայաստանը հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչումից, եթե արցախյան հարցը լուծվի այնպես, ինչպես պատկերացնում է Թուրքիան, մենք գոնե դրա դիմաց կունենանք բաց սահմաններ։ «Բայց տեսնում ենք, որ երկու հարցն էլ Թուրքիան լուծել է իր ցանկացած ձևով, բայց դեռ չի պատրաստվում սահման բացել», - ընդգծում է Մանուկյանը:

Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արդեն չորորդ տարին շարունակվող բանակցություններին՝ մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների առջև սահմանը բացելու վերաբերյալ։ Շաբաթներ առաջ Հայաստանի խորհրդարանի խոսնակը Թուրքիայում հրապարակավ փաստեց, որ Անկարան այս հարցում Ադրբեջանի շահերով է առաջնորդվում։ Փոփոխություններ չկան նաև հայտարարությունների մակարդակով, առվազն՝ ապրիլքսանչորսյան ուղերձների։ Ինչպես և նախորդ տարիներին, այսօր էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը։ Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե «Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել»:

«Ինչպես նախորդ հինգ տարիներին, այսօր էլ ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումները Ստամբուլում արգելվել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. Չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնաԷրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթըՑեղասպանության թանգարանի միջազգային ծրագրերը՝ կասկածի տակԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է