Նոր օրենքով ՌԴ-ում հարձակումների մասին տեղեկություններն ապօրինի տարածելը կպատժվի քրեորեն

Ղրիմի կամուրջն ուկրաինական հարձակումից հետո, 17-ը նոյեմբերի, 2026թ.

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով դաշնային մակարդակով քրեական պատասխանատվություն է սահմանվում Ռուսաստանի տարածքում հասցված հարվածների մասին տեղեկություններն ապօրինի տարածելու համար։

Ինչպես տեղեկացնում է ռուսական РБК-ն, օրենքը կվերաբերի նաև ահաբեկչությունների և դիվերսիաների հետևանքների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի տեղակայման, սպառազինության և զինամթերքի արտադրության ու պահպանման մասին տեղեկություններն ապօրինի տարածելու դեպքերին:

Արգելքի տակ կհայտնվի նաև առանց պետական մարմինների համաձայնության դատավորների, քննիչների, ուժային կառույցների աշխատակիցների և պաշտոնյաների դեմ մահափորձերի հետևանքների մասին տեղեկությունների հրապարակումը, իր հերթին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հարվածել է ուկրաինական 3 շրջանի, Ուկրաինան՝ ՋԷԿ-ի և կաուչուկի գործարանի, կան զոհեր

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական, էներգետիկ և արդյունաբերական օբյեկտներին։

Այդ հարձակումների հետևանքների, վնասված ենթակառուցվածքների և հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին հրապարակվող լուսանկարներն ու տեսանյութերը կարող են պարունակել նաև ռազմական նշանակության տեղեկություններ։ Օրինագծի հեղինակների պնդմամբ՝ հակառակորդը կարող է դրանք օգտագործել հետախուզական նպատակներով, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների տեղակայումը պարզելու և հարվածների արդյունքները գնահատելու համար։

Փաստաթուղթը, որը ներկայացրել են մի խումբ սենատորներ, նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում, եթե խախտումը կատարվել է նույն արարքի համար վարչական պատժի ենթարկվելուց հետո կամ առկա է նախկին դատվածություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին տարօրինակ է համարել, որ Թրամփը «ընկեր» է կոչում Պուտինին, ում Հիտլերի հետ է համեմատել

Նույն գործողությունները, եթե անզգուշությամբ հանգեցնեն մարդու մահվան, քաղաքացիների առողջությանը կամ գույքին վնաս պատճառելուն, հասարակական կարգի զանգվածային խախտումներին, ինչպես նաև ենթակառուցվածքային օբյեկտների բնականոն գործունեության խաթարմանը կամ դադարեցմանը, կպատժվեն մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։ Այս դեպքում նախապես վարչական պատասխանատվության ենթարկված լինելը պարտադիր պայման չի լինի։

Օրինագիծը նախատեսում է նաև մինչև 300,000 ռուբլու տուգանք (մոտ 1.3 մլն դրամ) և հարկադիր աշխատանք։ Օրինագիծը հասանելի է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում։

The Insider պարբերականն ավելի վաղ գրել էր, որ 2026 թվականի սեպտեմբերի վերջին 89 օբյեկտից առնվազն 82-ում գործում (որոնք Ռուսաստանն իր տարածք է համարում) էր անօդաչու թռչող սարքերի կիրառման և դրանց հարձակումների հետևանքների մասին տեղեկությունների հրապարակման արգելք։ Մարզերում նման տեղեկություններ տարածելու համար նախատեսված են տուգանքներ։