Ռուսաստանը հարվածել է ուկրաինական 3 շրջանի, Ուկրաինան՝ ՋԷԿ-ի և կաուչուկի գործարանի, կան զոհեր

Խարկովի վրա հարձակումներից մեկի հետևանքները
Խարկովի վրա հարձակումներից մեկի հետևանքները

Ռուսական զորքերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Ժիտոմիրի և այլ մարզերի վրա։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ արձակվել է ընդհանուր առմամբ 155 անօդաչու թռչող սարք, որոնցից 110-ը հաջողվել է խոցել։

Խարկովի մարզի Իզյում քաղաքում ռուսական հարձակման հետևանքով տուժել է վեց մարդ։ Վնասվել են մի քանի բազմաբնակարան և մասնավոր բնակելի տներ, վարչական շենքեր, կոմունալ ձեռնարկության շինություն և ավտոմեքենաներ։ Խարկովի Շևչենկովսկի շրջանում վիրավորվել է երեք մարդ։

Կրիվոյ Ռոգում զոհվել է մեկ մարդ, վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքներ և պահեստային շինություն։ Նիկոպոլի շրջանում վիրավորվել է երկու տղամարդ։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այստեղ վնասվել են ձեռնարկություն և բազմահարկ բնակելի շենք։ Դնեպրոպետրովսկի մարզպետ Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ գիշերվա ընթացքում ռուսական զորքերը մարզի ուղղությամբ ավելի քան 20 հարձակում են իրականացրել։

Վիննիցայի մարզում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ չկան։ Ժիտոմիրի մարզում տուժել է երկու մարդ։ Հարձակման թիրախ են դարձել էներգետիկ և լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտները, ինչպես նաև մասնավոր բնակելի տներ։ Կիրովոգրադի մարզում հարձակման է ենթարկվել կարևոր ենթակառուցվածքը։ Հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով խոցվել են Խմելնիցկիի մարզի Լետիչև ավանում գտնվող «Տերմոպլաստ» արդյունաբերական ձեռնարկությունը, Զապորոժիեում գտնվող «ՄՊԿԱ-Ուկրաինա» գործարանը, Կրիվոյ Ռոգի և Ժիտոմիրի էլեկտրաենթակայանները, Բելայա Ցերկով քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնը, Զապորոժիեում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտը, Կրիվոյ Ռոգում, Պերվոտրավենսկում և Բոգդանովկայում գտնվող չորս երկաթուղային լոկոմոտիվ, ինչպես նաև Ուկրաինա ուղևորվող չոր բեռնատար նավը։

Ուկրաինական հարվածները

Ուկրաինական զինուժն իր հերթին գիշերը հարձակվել է Ռուսաստանի Տուլայի և Լենինգրադի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի վրա, հայտնում են մոնիթորինգային ալիքները և տեղի իշխանությունները։

Տուլայի մարզ

Astra-ն հաստատում է ուկրաինական մոնիթորինգային ալիքների տեղեկությունները Եֆրեմով քաղաքում գտնվող սինթետիկ կաուչուկի Եֆրեմովի գործարանի և Եֆրեմովի ջերմաէլեկտրակենտրոնի վրա հարձակման մասին։ Ըստ աղբյուրի՝ այս օբյեկտների տարածքում պայթյուններ են որոտացել։ Տեղի բնակիչների խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի վտանգի մասին նախազգուշացումը հայտարարվել է միայն առաջին պայթյունից հետո։

Տուլայի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ Տուլայի տարածքում խոցվել է չորս անօդաչու թռչող սարք, ենթակառուցվածքների վնասներ չեն արձանագրվել։ Եֆրեմովի մունիցիպալ շրջանում երեք առանձնատների ապակեպատ հատվածներ մասամբ վնասվել են։

Ինչպես նշված է ձեռնարկության կայքում, Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանն արտադրում է ցածրամոլեկուլային պոլիբուտադիեններ և Ռուսաստանում բարձրամոլեկուլային պոլիիզոբուտիլենի միակ արտադրողն է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հիդրօքսիլացված պոլիբուտադիենն օգտագործվում է հրթիռային պինդ վառելիքի, այդ թվում՝ «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների վառելիքի արտադրությունում։ Ուկրաինացի զինվորականներն այս գործարանի վրա արդեն հարձակվել էին 2025 թվականի դեկտեմբերին։

Ինչպես նշում է Astra-ն, Եֆրեմովի ջերմաէլեկտրակենտրոնը ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով ապահովում է քաղաքն ու ձեռնարկությունները, այդ թվում՝ սինթետիկ կաուչուկի գործարանը։

Լենինգրադի մարզ

Պայթյուններ են լսվել նաև Սանկտ Պետերբուրգի տարբեր շրջաններում։ Astra-ի տվյալներով՝ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող «Շուվալովսկի» բնակելի համալիրի շենքերից մեկում վնասվել են պատշգամբներն ու պատուհանները։ Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ շենքին հարվածել է հակաօդային պաշտպանության հրթիռը։

Հաղորդվում է նաև ենթակայանի և անօդաչու թռչող սարքերի պահեստի վրա հնարավոր հարձակման մասին, սակայն այս տեղեկությունները հաստատված չեն։

Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ մարզի տարածքում խոցվել է 45 անօդաչու թռչող սարք։ Նա գրել է, որ նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։ Հաղորդվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի պատճառով Էստոնիայում օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։

Կրասնոդարի երկրամաս

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Նովոռոսիյսկում տուժել է երեք մարդ։ Բազմաբնակարան շենքերից մեկում կոտրվել են պատուհանները, հրդեհ է բռնկվել նաև երկու առանձնատանը։

Բրյանսկի մարզ

Բրյանսկի նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Տրուբչևսկի շրջանի Բելայա Բերեզկա ավանում մեկ մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ Սուզեմկա բնակավայրում տեղի բնակիչներից մեկը պայթել է անօդաչու թռչող սարքից նետված պայթուցիկ սարքի վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի շուրջ 10 մարզերի տարածքում խոցվել է ուկրաինական 318 անօդաչու թռչող սարք։

​
XS
SM
MD
LG