«Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա և չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք», - երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք օգոստոսին սպասվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի վարչապետի հետ քննարկել պատժամիջոցների հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասինՌուսական «Ռոսսելխոզնադզոր»-ն էլ է պնդում, թե հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները քաղաքական չեն, ու պատճառը միայն որակն է: Բայց սրան զուգահեռ, պաշտոնական Մոսկվան է ամեն անգամ Հայաստանից պահանջում արագ կողմնորոշվել Եվրամիության հետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջև։
Քաղաքական այս տեքստերը գյուղացուն հասանելի լեզվով է թարգմանում իր ծաղիկը տասնյակ տարիներ ռուսական շուկայում վաճառող արմավիրցի ջերմոցատեր Արտակ Թովմասյանը:
«Կուլտուրական «ոչ» են ասում։ Սա մաքուր քաղաքական հաշվեհարդար է», - կարծում է նա:
«Եթե ես ծաղիկ ուղարկել եմ, ինձ օգուտ չի, բայց ասեմ՝ համոզված եմ, որ նույնիսկ բլոճ ա եղել, «Ռոսսելխոզնադզոր»-ը աչք ա փակել, ու ես տարիներով հանել եմ, հիմա չեմ տանում, բա իհարկե քաղաքական ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թովմասյանը:
Վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էին, թե ընտրություններից հետո Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կլուծվեն: Բայց Մոսկվան ընտրություններից հետո շարունակեց սահմանափակումները՝ պտուղ-բանջարեղենից, ծաղիկներից, հանքային ջրից ու ալկոհոլի որոշ տեսակներից հետո արգելելով նաև հայկական ձկնամթերքի ներմուծումը:
«Ասում էիք՝ հունիսի 8-ի առավոտյան բոլոր խնդիրները կլուծվեն, ինչո՞ւ չլուծվեցին», - լրագրողի այս հարցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ մեծ հաշվով լուծված են այդ խնդիրները, և եթե նկատում եք, մենք որևէ կատաստրոֆիկ վիճակ չունենք: Ի վերջո, էս պրոցեսի արդյունքում Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը ավելի ուժեղացած են դուրս գալու»:
Վարչապետ Փաշինյանը, գործադիրի անցած նիստում արձագանքելով այս իրավիճակին, ասել էր՝ ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի». ՓաշինյանԱյս ընթացքում Կառավարությունն արտահանողներին աջակցելու համար մի շարք ծրագրեր է հաստատել, ինչպես նաև 34 միլիոն եվրոյի աջակցություն ստացել Եվրամիությունից՝ ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու համար: «Բայց սուբսիդիաները միայն խոշոր արտահանողների ու արտադրողների հոգսն են թեթևացնում»,- նեղսրտում են մանր ու միջին արտադրողները:
«Ազատության» հետ զրույցում արմավիրցի ջերմոցատերը, որն արդեն մտածում է իր ջերմոցը փակելու մասին, ասում է՝ ռուսական շուկա չեն կարողանում տանել, տեղական շուկայում չեն վաճառվում այդ ծավալի ծաղիկները, ստիպված քաղում ու այրում կամ թափում են, որովհետև եթե չքաղեն, հողի որակը կտուժի: Դիմելով Կառավարությանը՝ ասում է՝ «նոր ստանդարտից մինչև նոր շուկա եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա»:
«Հիմա էս ինչ տենում եք, էսի արդեն բանկրոտ ջերմոց ա, ես բանկրոտ եմ: Պտի մեկը լինի, որ ասի՝ «ով ինչ ունի, բերեք, խնդրեմ, եղբայր, էս ապրանքդ համապատասխանում ա, որ Ռումինիա գնա, էս գնով համաձա՞յն ես, այո, վսյո», «տար, սրա վրա բլոճ կա, էս դեղը սրսկի, որ էդ բլոճը վերանա, մյուս անգամ տանեմ», «ըհըն, արդեն համապատասխանում ա ստանդարտին»: Ստանդարտը չգիտենք, բայց բառը քցել են բերանները ու վսյո», - նշեց Թովմասյանը:
Իսկ Կառավարությունն վնասների հստակ թիվ չի նշում:
«Տնտեսական ակտիվությունը մայիսին 11 տոկոս է եղել, և հունվար-մայիսը եղել է 8 տոկոսից ավելի: Դե գիտե՞ք, ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ-որ ազդեցություններ կան, մի ճյուղը ակտիվանում է, մի ճյուղը պակասում է», - երեկ ասաց վարչապետը:
Էկոնոմիկայի նախարարը, որ նույնպես գոհ է տնտեսական աճից, նաև խնդիրներից է խոսում, օրինակ՝ լոլիկի գինն, ասաց, նվազել է, դա էլ դժվարություններ է ստեղծում արտադրողների համար: Բայց ասաց՝ Կառավարությունն աջակցում է վարկերի տոկոսների և մայր գումարների հետաձգման միջոցով՝ նվազեցնելու արտադրողների բեռը։
Ծաղիկի մասին խոսելիս Գևորգ Պապոյանն ասաց՝ միայն այս ամսվա վերջին երկու օրերին 492 հազար հատ ծաղիկ է արտահանվել, բայց գիտի, որ ջերմոցատերերի մի մասը ծաղիկը թափում կամ այրում են: Ակնարկեց՝ այս շաբաթ աջակցության նոր ծրագիր կլինի նաև նրանց համար, որոնք մինչ այժմ պետական ծրագրերից չեն օգտվել։
«Աջակցության չափը մեծացնում ենք, որպեսզի իրենք կարողանան, ոչ թե թափեն, այլ արտահանում կարողանան իրականացնել: Հիմա էդ ամբողջ անցումային շրջանում, այո, աջակցելու ենք, որպեսզի 10-ը դառնա 20, 20-ը՝ 40», - վստահեցրեց Պապոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայկական ծնեբեկը՝ Սինգապուրի շուկայումՖերմեր Դավիթ Դավթյանը առանց պետական աջակցության, ինքնուրույն է կազմակերպել արտահանումը դեպի Սինգապուր։ Նա այդ ուղղությամբ սկսել է աշխատել շուրջ երկու տարի առաջ։ Սյունիքում իր աճեցրած ծնեբեկը Սինգապուր ուղարկելուց հետո այսօր էլ մեկ տոննա ծիրան ուղարկեց։
«Էդ բարիքով մրցելու ենք Թուրքիայի հետ: Ուղին բացել ա ծնեբեկը, երկրորդը ծիրանն ա, հաջորդը ինձ թվում ա դեղձն ա լինելու», - ասում է ֆերմերը:
Դավիթն ասում է՝ ինչպես ինքն է կարողացել մեկ ֆերմերի այգու ծիրանն արտահանել, այնպես էլ մյուս խոշոր ընկերությունները պետք է կարողանան նույնն անել։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է դառնա կապող օղակ փոքր ու միջին արտադրողների և խոշոր բիզնեսի միջև՝ խրախուսելով համագործակցությունը, որպեսզի մեծ ընկերությունները գնեն տեղական արտադրանքն ու այն նոր շուկաներ վաճառքի հանեն:
Դավթյանը կարևորում է նաև գործարար-ֆերմեր կապը, որ սկզբում պետության աջակցությամբ պետք է ձևավորվի, հետո ժամանակի ընթացքում գործն ինքնուրույն առաջ կգնա, ինչպես ինքն է Սինգապուրում քայլ առ քայլ առաջ գնում:
«Սա խորհրդանշական պահ ա, ու ինձ թվում ա՝ սինգապուրցիները կհավանեն ծիրանի հայրենիքից եկած ծիրանը», - ասում է Դավիթը:
Արմավիրում ծաղիկ աճեցնող Արտակ Թովմասյանը հույս ունի, որ Պապոյանը կհանդիպի իրենց հետ, որովհետև ինքնուրույն եվրոպական երկիր չի կարող տանել իր ծաղիկը, ոչ էլ բացատրել, որ այն շատ լավն է, եթե գնեն, չեն փոշմանի. - «Մտնեմ ասեմ՝ բոնժուղ, մսյե, ու ֆրանսերենս պրծավ, ո՞նց բացատրեմ, որ ծաղիկ ունեմ, արդյոք կառնե՞ք իմ հրաշալի ծաղիկը»: