Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝ երկու դրվագով։ «Ազատության» տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դրանց վաղեմության ժամկետն անցած է:
Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:
Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով: Այս ամսվա սկզբին էլ նա անմեղ է ճանաչվեց խուլիգանության գործով: