Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու «Զայեդ» մրցանակաբաշխությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ վաղը վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։

Հայաստանի վարչապետի խոսնակն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր. - «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք»:

Ադրբեջանի նախագահը երեկ է ժամանել ԱՄԷ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը մեկնել է Աբու Դաբի, Փաշինյանը և նա փետրվարի 4-ին կստանան «Զայեդ» մրցանակըՀայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագրի համար «Զայեդ» մրցանակի կարժանանան

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Մրցանակն անվանակոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին։