Հայաստան մատակարարվող գազի հնարավոր թանկացումն այլևս պարզապես ակնարկ չէ. Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ պաշտոնական նամակ են ուղարկել Երևան 2013 թվականին կնքած գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին:
Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնում է, թե այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանին ուղղված նամակ են փոխանցել:
«Էս թեմային էսօր մամուլից եմ տեղեկացել, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նման գրություն չի ստացել», - Խուդաթյանն այսօր պնդում էր, թե նման նամակ չեն ստացել, ինչին ի պատասխան՝ Մոսկվայից նրան հորդորում են ճշտումներ անել Արտգործնախարարությունից:
Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունից հաստատեցին, որ ստացել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը: «Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», - «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան կդադարեցնի գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման համաձայնագիրը, «եթե Երևանի անդամակցությունը ԵՄ-ին շարունակվի»Գազը թանկացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում նաև Ռուսաստանի Պետական Դումայում. պատգամավորներից մեկն առաջարկում է վերանայել Երևանի արտոնությունները և կապույտ վառելիքը միանգամից ավելի քան կրկնակի թանկացնել՝ սակագինը շուկայական հարաբերությունների դաշտ բերելով:
Սպառնալիքներին անձամբ վարչապետ Փաշինյանն է արձագանքել՝ այդ քայլերն անտրամաբանական որակելով. - «Թանկ գնով սպառնալիքին կա պատասխան՝ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանո՞ւմ եք: Եվ էսօր Հայաստանը դառնում ա խաղաղության խաչմերուկ, էդ նշանակում ա, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր ա ըլնելու, Հայաստանը ըլնելու ա միլիարդների և տրիլիոնների երկիր: Մենք այլևս էն կուչ էկած, մենք այլևս էն կուչ էկած պլեճին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք»:
Պետդումայի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյն ավելի հեռուն է գնացել ու հայտարարել, որ գազի թանկացումը նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կհանգեցնի: Մոսկվայի սպառնալիքներն այսքանով չեն եզրափակվում. հայտարարում են Հայաստանի մաքսային արտոնությունները չեղարկելու անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով ռուսական ցորենից կախվածությունը, հայկական գյուղմթերքի ու ալկոհոլային խմիչքների դեպի Ռուսաստան արտահանման ծավալները:
Պատգամավորն առաջարկում է Հայաստանի՝ Ռուսաստանից վերցրած պետական պարտքի վերաբերյալ ամբողջական աուդիտ անցկացնել, պնդելով, թե իրենք իրավունք ունեն պարտավորությունների պլանային կատարում պահանջել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե վաղն Աստանայում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ է «Հայաստանի հետ իրավիճակի պատճառով»: Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև պնդել է, թե Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանի հաշվին. - «Հայերի ստացած արտոնությունները օդից չեն, այլ միշտ ինչ-որ մեկի հաշվին: Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է: Դա, իրոք, մեր ներդրումն է Հայաստանի զարգացման համար: Այդ երկիրը եղբայրական է և շարունակում է մնալ եղբայրական: Բայց դա մեր հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին»:
Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ գազի սակագինը կարող է փոխվել, առաջարկելով «Գազպրոմ»-ից ճշտել: Կրեմլի խոսնակն, այդուհանդերձ, ընդգծել է, որ Աստանայում կայանալիք միջոցառումները «Հայաստանի ճակատագիրը չեն որոշի»:
Այժմ Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված 165 դոլար սակագնով, այն, սակայն կարող է տատանվել՝ կախված կապույտ վառելիքի որակից, կալորիականությունից: Հայաստանն այժմ ավելի խիտ գազ է ստանում, ու այդպիսով վերջնական գինը հասնում է ավելի քան 175 դոլարի: Ռուսները պարբերաբար շեշտում են, թե նույն գազը Եվրոպացիները գնում են 600 դոլարից էլ բարձր գնով:
Այդ քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում, պնդում է Փաշինյանը
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայի օրեցօր կոշտացող հռետորաբանությանն այսօր արձագանքեց՝ պնդելով, թե այդ քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում. - «Որովհետև իրանք, ընդհակառակը, պտի առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն՝ «այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք», իրանք հակառակն են ասում, ասում են՝ «մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք»:
ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումներ չեն կայացնի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել է, թե ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումներ չեն կայացնի: Օվերչուկը, որը վերջին շաբաթներին ըստ էության ամենահաճախն է Հայաստանի քաղաքացիներին հիշեցնում Ռուսաստանից տնտեսական կախվածության մասին, այսօր պնդել է, թե ԵԱՏՄ շրջանակում պայմանագրային դրույթները չեն պատրաստվում փոխել.
«Պայմանագիրը փոխելու համար կոնսենսուս է պետք, և ինչպես գիտենք՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այնտեղ շատ լավ հասկանում են և՛ առավելությունների, և՛ անդամ պետությունների հետ առևտրի ծավալը: Իհաչրկե, հայերը շատ լավ հասկանում են ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները և չեն ցանկանում դուրս գալ: Նրանց երկրում քաղաքական ուժեր կան, որոնք հայտարարել են Եվրամիությանը մոտենալու ու անդամակցելու նպատակի մասին: Բոլորը գիտեն, որ դրանք անհամատեղելի են, սա նոր իրավիճակ է, որը պետք է գնահատել», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Թե Հայաստանի նկատմամբ կոնկրետ ինչ քայլեր կլինեն Աստանայի հավաքին, դեռ պարզ չէ, Մոսկվան խաղաքարտերն ամբողջությամբ չի բացում:
Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը:
Հայաստանն այժմ այլ շուկաների փնտրտուքի մեջ է
Մոսկվան ֆիտոսանիտարական խնդիրների պատճառաբանությամբ արգելել է Հայաստանից ծաղիկների, հայկական որոշ տեսակի խմիչքների ներկրումը: Տասնյակ բեռնատարներ կանգնած են ռուս - վրացական սահմանին, վարորդներին թույլ չեն տալիս այն կողմն անցնել:
«Ես հանձնարարել եմ, որպեսզի մշակեն մեր տնտեսվորողներին աջակցության ծրագրեր», - հայտարարում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հայաստանն այժմ այլ շուկաների փնտրտուքի մեջ է, Պապոյանն ընդգծում է՝ ակնկալում են Եվրամիության ֆինանսական աջակցությունը, որ հայկական ապրանքը եվրոպական խանութներ հասնեն:
«Առաջարկել եմ մեր եվրոպական գործընկերներին, իրենք շատ են սիրում խոսել աջակցությունից և այլնից, դե, եթե էդքան շատ սիրում են խոսել, թող աջակցեն մեզ», - ասում է նախարարը:
Բրյուսելն արձագանքել է, էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ հաշվարկներ են խնդրել, Երևանը դրանք երեկ է տրամադրել: Թե ինչ չափի ֆինանսական աջակցություն է Երևանին անհրաժեշտ, Պապոյանը չի հստակեցնում: