Մոսկվան սպառնում է խստացնել դիրքորոշումը՝ Պուտինի կեցավայրի վրա ենթադրյալ հարձակման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Ռուսաստանը կխստացնի դիրքորոշումը բանակցություններում այն բանից հետո, երբ, ռուսական կողմի պնդմամբ, ուկրաինական զինուժը փորձել է անօդաչուներով հարձակվել նախագահ Պուտինի՝ Նովգորոդի մարզի Վալդայ քաղաքում գտնվող կեցավայրի վրա:

Չնայած Կիևի հերքմանը՝ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ դա «ահաբեկչական գործողություն» է՝ ուղղված ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի, այլև Թրամփի դեմ, և նպատակ ունի խաթարել բանակցային գործընթացն ու խաղաղություն հաստատելու ԱՄՆ նախագահի ջանքերը, ինչը, ըստ նրա, չի ստացվի:

«Նախագահները պահպանում են երկխոսության վստահելի բնույթը և շարունակում այն։ Եվ նման սադրանքները, պետական ահաբեկչության նման գործողությունները անկարող են խաթարել երկու նախագահների միջև վստահության այս մակարդակը», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովը հրաժարվել է ասել, թե որտեղ է եղել Պուտինը հարձակման պահին, նշելով, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո նման մանրամասները չպետք է հրապարակվեն։

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Վալդայում ռուսական հակաօդային պաշտպանությունը 90-ից ավելի ուկրաինական անօդաչու է խոցել: Սերգեյ Լավրովն ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ ենթադրյալ հարձակման փորձը տեղի է ունենում բանակցային ակտիվ փուլում: Ռուսաստանն անպատասխան չի թողնի դա, սպառնացել է Լավրովը՝ հավելելով, որ պատասխան հարվածների թիրախներն ու ժամկետը հստակեցված են. - «Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների թիրախները և դրանց իրականացման ժամկետները որոշված են»։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան և Արևմուտքը պետք է ճանաչեն նոր իրողությունը, որն ստեղծվել է, երբ «Ռուսաստանի Դաշնությանը միացան Ղրիմը, Սևաստոպոլը, Դոնեցկը, Լուգանսկը, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերը»:

Երեկ էլ Ռուսաստանի նախագահի օգնականն էր մանրամասներ ներկայացրել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից՝ թվով երկրորդը երկու օրում: Յուրի Ուշակովը պնդել էր, թե հարձակման փորձի մասին տեղեկությունը «ցնցել» է Թրամփին, որը բառացիորեն վրդովվել է և ասել, թե չէր էլ կարող պատկերացնել, որ ուկրաինական կողմը կարող է «նման խելագար քայլի» դիմել: «Փառք Աստծո, որ մենք Զելենսկիին Tomahawk հրթիռներ չտվեցինք»,- ըստ նրա՝ ասել է Թրամփը:

Ուշակովի խոսքով՝ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ հարձակման այս փորձից հետո «Մոսկվան կվերանայի նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»։

Ռուս պաշտոնակցի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինն է իրեն տեղեկացրել այդ հարձակման մասին: Թրամփն ասել է, թե վատ է, որ դա տեղի է ունենում բանակցությունների թեժ փուլում, և հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հրաժարվեց Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ վաճառելուց, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին:

«Սա զգայուն ժամանակահատված է։ Սա պատեհ պահ չէ։ Մի բան է հարձակողական գործողություններ իրականացնել, ... այլ բան է նրա տան վրա հարձակվել։ Սա պատեհ ժամանակ չէ դա անելու համար», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուկրաինայի նախագահը կտրականապես հերքել է, թե նման հարձակում է եղել՝ վստահեցնելով, որ Ուկրաինան չի անում որևէ բան, ինչը կվնասի բանակցություններին: Վլադիմիր Զելենսկիի պնդմամբ՝ սա ռուսական կողմին բնորոշ կեղծ հայտարարություն է, որը նպատակ ունի խոչընդոտել ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ գրանցված առաջընթացին:

«Հիմա ռուսներն ակնհայտորեն կեղծ պատմություն են հորինել ռուս բռնապետի նստավայրին հարվածելու մասին, որպեսզի արդարացում ունենան Ուկրաինային, մասնավորապես՝ Կիևին հարվածները շարունակելու և պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց հրաժարվելու համար», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ապացույց չի հրապարակել իր պնդումները հիմնավորելու համար: Անդրեյ Սիբիգան աշխարհին կոչ է արել ձեռնպահ մնալ չհաստատված պնդումներին պատասխանելուց, քանզի դա խոչընդոտում է խաղաղության գործընթացին:

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը իր զեկույցում նշել է, որ Մոսկվան ապացույցներ չի ներկայացրել հարձակման մասին: Կազմակերպությունը հղում է անում ռուսական «Սոտա» պարբերականին, որին Վալդայի բնակիչներն ասել են, թե չեն լսել, որ հակաօդային պաշտպանությունն աշխատած լինի: Մինչդեռ 90-ից ավելի անօդաչու խոցելու համար, ըստ աղբյուրի, այն պետք է գործեր:

Չնայած Կրեմլը հայտարարում է դիրքորոշումը խստացնելու մասին, Լեհաստանի վարչապետը Եվրամիության երկրների առաջնորդների հետ Ուկրաինայի շուրջ զարգացումները քննարկելուց հետո այսօր հայտարարել է, թե խաղաղության հաստատումը շաբաթների հարց է:

«Խաղաղությունը շատ մոտ է։ Անկասկած, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հույս են ներշնչում, որ այս պատերազմը կարող է ավարտվել, և բավականին արագ։ Բայց դա դեռ միայն հույս է, դեռ 100 տոկոսով հաստատ չէ», - ասել է Դոնալդ Տուսկը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ սոցցանցում գրել է, որ հիմա բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է «ազնիվ ու թափանցիկ» լինեն:

Դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ՝ ռուսական զորքը գիշերը հարվածել է Զապորոժիեին և Չեռնիգովին, կան տուժածներ: Ռուսաստանը պնդել է, որ ևս երկու բնակավայր է գրավել: Ռուսական հարվածներից վնասվել են Օդեսայի երկու նավահանգստի ենթակառուցվածքները: Ուկրաինական հարվածներից Բելգորոդում մի կին է սպանվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը հայտարարել է, թե Մոսկվան շոշափելի ապացույց չի ներկայացրել Պուտինի նստավայրի վրա «հարձակման» վերաբերյալՊուտինը՝ Թրամփին. «Մոսկվան կվերանայի նախկին պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը» Թրամփ-Պուտին ևս մեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսական զորքերը «շարժվում են դեպի Զապորոժիե». Պուտին