Մոսկվան և Պեկինը հայտարարում են «անսասան հարաբերությունների» ամրապնդման մասին

Չինաստան Վլադիմիր Պուտինի երկօրյա պետական այցի արդյունքում Ռուսաստանն ու Չինաստանը առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում ավելի քան 20 համաձայնագիր են ստորագրել, նաև երկարաձգել «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը: Սակայն երկար ժամանակ հետաձգված «Սիբիրի ուժը 2» գազատարի շուրջ գործարք չի կնքվել:

Պուտինի խոսնակը լրագրողներին ասել է, որ Մոսկվան ու Պեկինը ընդհանուր համաձայնության են եկել այս նախագծի շուրջ: Ըստ Դմիտրի Պեսկովի՝ չնայած նախագծի վերաբերյալ որոշ ճշգրտումներ դեռ պետք է արվեն, բայց «փոխըմբռնում արդեն իսկ կա»:

«Սիբիրի ուժը 2»-ը խոշոր նախագիծ է, որի կառուցման դեպքում Ռուսաստանից տարեկան մինչև 50 միլիարդ խորանարդ մետր գազ կփոխադրվի Չինաստան, որը Ռուսաստանի էներգակիրների խոշոր գնողներից է։

Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չնայած արտաքին անբարենպաստ գործոններին՝ Ռուսաստանի և Չինաստանի կապերն այսօր աննախադեպ մակարդակի են: Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ու տնտեսական համագործակցությունն ուժեղ թափ են առնում. վերջին քառորդ դարում առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 30 անգամ և մի քանի տարի անընդմեջ գերազանցել է տարեկան 200 միլիարդ դոլարը։

«Այսօր մեր հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի՝ ծառայելով որպես համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության իսկական մոդել», - ասել է ՌԴ նախագահը:

Այս փոխգործակցությունը, ըստ նրա, հիմնված է «հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու, փոխադարձ աջակցության, բարեկամության և իրական բարիդրացիության սկզբունքների վրա»։

Կրեմլի ղեկավարն ասել է, որ ռուս-չինական տնտեսական համագործակցության շարժիչ ուժը փոխգործակցությունն է էներգետիկ ոլորտում։ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դերը որպես ռեսուրսների հուսալի մատակարար, Չինաստանն էլ մնում է այդ ռեսուրսների պատասխանատու սպառող, նշել է նա:

«Մեր նպատակը ռուս և չինացի ժողովուրդների բարեկեցությունն ու բարգավաճումն ապահովելն է։ Այս անսասան հիմքերը մեր հարաբերություններին հնարավորություն են տվել հաջողությամբ դիմակայել ամրության և դիմակայունության բազմաթիվ փորձությունների», - ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև խոստացել է զարգացնել Չինաստանի հետ համապարփակ գործընկերությունը և շարունակել այս երկրին էներգակիրների մատակարարումը: Նա պնդել է, որ երկրների միջև առևտուրը պաշտպանված է արտաքին ազդեցությունից և համաշխարհային շուկաներում առկա բացասական միտումներից։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, և այս հարցը ևս քննարկել է Չինաստանի նախագահի հետ: Պուտինը նաև Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան, պնդելով, որ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները «նպաստում են համաշխարհային կայունությանը»։

Սի Ծինփինը բարձր է գնահատել «երկու երկրների անսասան հարաբերությունները»: Չինաստանի նախագահը նշել է, որ աշխարհում այսօր մոլեգնում է «միակողմանի գերիշխանությունը», ինչի հետևանքով աշխարհը կանգնած է «ջունգլիների օրենքին վերադառնալու վտանգի առաջ»։ Չինաստանն ամեն ինչ կանի «մարդկության համար ավելի լավ ապագա» ապահովելու նպատակով, վստահեցրել է նա:

«Չինաստանը կշարունակի խթանել չինական ազգի երիտասարդացումն ու ուժեղ պետականաշինությունը արդիականացման չինական ոճով և անընդհատ կընդլայնի աշխարհի հետ բարձր մակարդակի փոխգործակցությունը՝ զարգացման հնարավորությունները կիսելով Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու համար», - հայտարարել է Սի Ծինփինը:

Ռուսաստանը և Չինաստանը նաև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել: Այն դատապարտում է ռազմական արկածախնդրության տարբեր ձևերը ողջ աշխարհում՝ ակնհայտորեն հղում անելով վերջին վեց ամիսներին Իրանում և Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողություններին։

Դրանք, ըստ Մոսկվայի և Պեկինի, «կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները, միջազգային իրավունքի նորմերը և միջազգային հարաբերությունները, և անդառնալի վնաս են հասցնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի հիմքերին»։

Չինաստանն ու Ռուսաստանը նաև դատապարտում են ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» բազմաշերտ հակաօդային պաշտպանության նախագիծը, որի ստեղծման համար նախատեսվում է մի քանի հազար ուղեծրային արբանյակներ տեղակայել Երկիր մոլորակի շուրջ: Սա, ըստ նրանց, զգալիորեն մեծացնում է տիեզերքում հակամարտությունների ռիսկը, հակասում է տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու սկզբունքներին և սրում է արդեն իսկ բարդ իրավիճակը:

Հայտարարությունում կոչ է արվում նաև դադարեցնել միջազգային նավագնացությանը խոչընդոտող միակողմանի գործողությունները: Թեև հստակ չի նշվում, թե որ ջրուղիների մասին է խոսքը, ակնհայտորեն հղում է արվում Պարսից ծոցում ստեղծված շրջափակմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սիբիրի ուժը 2»-ի շուրջ փոխըմբռնում, 20-ից ավելի ստորագրված համաձայնագիր. ի՞նչ են քննարկել Պուտինը և Ծինփինը Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, դա քննարկել է Սի Ծինփինի հետՍի Ծինփինը բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «անսասան» հարաբերություններըԿրեմլը չի բացառում, որ նոյեմբերին Չինաստանում Պուտին-Թրամփ հանդիպում տեղի կունենա Պուտինը ժամանել է Պեկին՝ Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու համարՊուտինը կարող է «զղջալ» Ուկրաինա ներխուժման համար. Սի Ծինփին. FTՌուսաստանը և Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց ինքնիշխանության պաշտպանության հարցում. ՊուտինԿրեմլը Պուտինի Չինաստան կատարելիք այցից «շատ լուրջ ակնկալիքներ» ունի