Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը և Բերսեն ընդգծել են, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում են ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին Հայաստանի հանձնառության մասին։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական զարգացման ճանապարհին միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրախորհրդի, Եվրամիության հետ համագործակցությունը։ «Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը», - ասված է հաղորդագրությունում:
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ, նախարարը, ըստ հաղորդագրության, «ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները»:
Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին ԵԽ գլխավոր քարտուղարի մասնակցությանը։
Պետրա Բայրի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ։ «Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է, քանզի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած զանազան մարտահրավերներին», – հավելել է Միրզոյանը։
Արտգործնախարարը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում ԵԽԽՎ կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար, նաև նշված է հաղորդագրությունում:
ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրադատարանի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։
Միրզոյանը նշել է ՄԻԵԴ վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը՝ ընդգծելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում ՀՀ վճռականությունը։
«Հայաստանը կանգնած է Դատարանի, առաջին հերթին դրա գործունեության հիմքում դրված սկզբունքների ու արժեքների կողքին», - վստահեցրել է նախարարը։
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը նաև ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան: