ՄԻՊ-ի հանձնարարությամբ այց է իրականացվում ՔԿՀ՝ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույց ունենալու

Գագիկ Խաչատրյանը, արխիվ

Կալանավորված Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանական թիմը պնդում են, որ 71-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել քննչական գործողություններին: Սա ապացուցելու համար փաստաբանները ավելի վաղ տեղի ունեցած գործողություններից տեսանյութեր են հրապարակել, որոնցից մեկում Խաչատրյանին անկողնուց տեղափոխում են պատգարակի վրա, մյուսում պատգարակով ենթադրաբար դատարանում է:

Գլխավոր դատախազությունը, սակայն, հակառակն է պնդում։ Ըստ գերատեսչության՝ հանձնաժողովային փորձաքննությամբ Խաչատրյանի մոտ այնպիսի առողջական խնդիրներ չեն արձանագրվել, որոնք կխոչընդոտեին քրեական վարույթի շրջանակում գործողություններին նրա մասնակցությանը։

Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ից, ընդգծելով.

«Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից»:

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ երեկ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։